Ջո Բայդընի ու Դոնալդ Թրամփի միջեւ պայքարը ծավալվում է երկու ուղղություններով

Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու Ներկայացուցիչների պալատի որոշումը ոգեշնչել է եկող ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդընին: ‘’Թրամփը կարող է անել ամեն ինչ, որպեսզի վերընտրվի: Նույնիսկ կարող է ոտնահարել ժողովրդավարության ամենահիմնական ձեւերը’’, ասում է Բայդընը:

Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործընթաց սկսվեց այն բանից հետո, երբ մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, բողոք ներկայացրեց այն մասին, որ Թրամփը կասեցրել է Ուկրաինային հատկացվող ամերիկյան դրամական հատկացումները, պահանջելով ստանալ Բայդընին հեղինակազրկող տեղեկություններ: Բայդընը հերքում է իր ու իր որդու դեմ Ուկրաինայում կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մասին մեղադրանքները ու հաստատակամորեն հայտարարում, թե ինքն է լինելու ընտրություններում Թրամփին պարտության մատնող թեկնածուն: ‘’Ես ընտրարշավին եմ մասնակցում Ամերիկայի ոգին վերականգնելու համար’’, հայտարարում է նա:

Թրամփի աջակիցներն ասում են, թե հարկավոր է ստուգել օտար պետությունների ղեկավարների հետ Բայդընի իրականացրած աշխատանքը, երբ նա երկրի փոխնախագահն էր: ‘’Բայդընը պիտի ամաչեր ինքն իրենից այն խարդախությունների համար, որոնք նա իրականացրել է փոխնախագահի պաշտոնին եղած ժամանակ’’, ասում է Թրամփի ընտրարշավի ղեկավարներից Լոու Գարգիաուլոն:
Իսկ Բայդընը, որպես նախագահի թեկնածու, հաղթելու համար իր հույսը դնում է առաջադեմ տեսակետներ հայտնելով ժողովրդի ավելի մեծ շրջանակների կողմից համակրանք ձեռք բերելու իր ունակության վրա:


Թրամփը սխալ մարդու է ընտրել ում դեմ կարող է պայքարել, ասում էր Բայդընը Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ նախնական ընտրություններին մնացել է չորս ամիս: Ինչ վերաբերում է իմփիչմենթի գործընթացին, ապա Բայդընը դեռ երկար կարող է մնալ այս մարտադաշտի կիզակետում: