Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել

Թուրքիայի գործողությունները հյուսիսային Սիրիայում սպառնում են վերածվել մարդասիրական ճգնաժամի: Ռազմական գործողությունների գոտում հայտնված ազգաբնակչությունը հեռանում է այստեղի իր բնակավայրերից: Միջազգային և տեղական բազմաթիվ կառույցներ հայտնում են, որ հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգի ներքո

Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայում հանգեցրել են փախստականների նորանոր ալիքների, հատկապես տեղի քուրդ, քրիստոնյա ու եզդի ազգաբնակչության շրջանում:

Միջազգային կարմիր խաչը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներխուժումից հետո հյուսիսային Սիրիայում տեղի շուրջ երկու միլիոն ազգաբնակչության ճակատագրի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջիններս արդեն մի քանի անգամ վտանգի են ենթարկվել Դաեշ-ի և իսլամիստ այլ խմբերի հարձակումների հետևանքով:

Թուրքիան հայտարարում է, որ ներխուժման ու ռազմական գործողության հիմնական նպատակն է մաքրել այս տարածքները ահաբեկիչներից և ստեղծել այստեղ անվտանգության գոտի, ուր կտեղափոխվեն բազմաթիվ փախստականներ Սիրիայից: Սակայն տեղական և միջազգային մարդասիրականն կառույցները վերապահումով են մոտենում Թուրքիայի նախագահ Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ գործուղությունները որևէ աղերս չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ և միտված են փոխելու այս տարածքների ժողովրդագրական կազմը:

Իրաքի Քրդստանի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ չունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն Սիրիայի հյուսիսից բոլոր տեղահանվածներին ապահովելու համար: Միևնույն ժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ուր գերիշխում են քրդական զորամիավորումները, կոչ են անում միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել հյուսիսային Սիրիային՝ ընդգծելով, որ իրավիճակն այստեղ մոտ է մարդասիարական ճգնաժամին:

Վերլուծաբանների կարծիքով, սակայն, չնայած արտաքին դժգոհությանը, Թուրքիան կշարունակի իր գործողություններն այստեղ, քանի որ Անկարայի հիմնական նպատակներից է դեպի այս շրջաններ հնարավորին չափով մեծաթիվ փախստականներ տեղափոխելը: Դա այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: