«Անմեղ հեռախոսազրույց»՝ իմպիչմենտի գործընթացի տակ գտնվող ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել նաեւ Չինաստանին հետաքննել Բայդեններին

«Միչ ՄքՔոնելն իր հայտարարության մեջ նշել է, որ դա անմեղ հեռախոսազրույց էր: Եւ ընդհանրապես, ով կարդում է դա նույն եզրահանգմանն է գալիս, բացի նրանցից ովքեր կարդում են կեղծ Ադամ Շիֆի կեղծ մեկնաբանությունը», - նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի ղեկավարի հետ իր հեռախոսազրույցի ընթացքում որեւէ անօրինական տարր չկա: Փոխարենը, Սպիտակ տունը փորձում է գտնել հատուկ ծառայությունների աշխատակցին, ով հայտնել էր խոսակցության բովանդակության մասին ընդդիմադիր կոնգրեսականներին.

«Այս երկիրը պետք է գտնի այդ մարդուն, որովհետեւ նա լրտես է»:

Դեմոկրատները մինչդեռ շարունակում են նախագահի պաշտոնանկության գործընթացը:

«Նախագահը փորձում է պնդել, թե մարդիկ, ովքեր մատնացույց են անում իր սխալները, դավաճան են եւ պետք է պատժվեն որպես լրտեսներ: Սա փորձ է վախեցնել վկաներին, սա բռնության հրահրում», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ով հինգշաբթի փակ նիստի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել հրաժարական տված Ուկրաինայի գործերով հատուկ հանձնակատար Քըրթ Ուոքերին:

Հինգշաբթի լրագրողների հետ զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն արել է եւս մեկ անսպասելի հայտարարություն՝ կոչ անելով նաեւ Չինաստանին հետաքննել Ջո Բայդենի գործունեությունը.

«Չինաստանը նույնպես պետք է սկսի հետաքննություն Բայդենների վերաբերյալ, որովհետեւ Չինաստանում տեղի ունեցածը նույնքան վատ է, որքան Ուկրաինայում: Ուստի, նախագահ Զելենսկու փոխարեն, ես հետաքննություն կսկսեի Բայդենների գործով, որովհետեւ ոչ-ոք չի կասկածում, որ նրանք խարդախ են, դա միանշանակ խարդախ գործարք էր»:

Որոշ վերլուծաբանների մտահոգում են Թրամփի մոտեցումները:

«Նախագահի ձեւակերպումները աննախադեպ ու վտանգավոր են: Մեղադրել գործող կոնգրեսականին դավաճանության մեջ, սա ըստ իս առնվազն անտեղի է», - նշում է Բրուքինգս հաստատության փորձագետ Ջոն Հադակը:

Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնությունը մինչդեռ զգուշացրել է Սպիտակ տան վարչակազմին, որ իմպիչմենտի հետաքննության առջեւ ցանկացած խոչընդոտ դիտարկվելու է որպես արդարադատության խոչընդոտ՝ օրենքից բխող բոլոր հետեւանքներով: