Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կուսակիցների առջեւ կրկին հավաստում է.
«Ինչ էլ պատահի, հոկտեմբերի վերջին մենք դուրս ենք գալու»:
Ջոնսոնի նոր առաջարկը միտված է կարգավորելու «իռլանդական խնդիրը», որը Բրիտանիային այլընտրանք չի թողնում՝ որպեսզի Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիան բաց սահման պահպանի Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության հետ, Լոնդոնը պետք է առաջնորդվի ԵՄ-ի կանոններով: Փոխարենը Ջոնսոնն առաջարկում է, որ Հյուսիսային Իռլանդիան մնա Եվրամիության ապրանքաշրջանառության գոտում, սակայն դուրս գա Եվրամիության մաքսային գոտուց, ինչը կենթադրի մաքսային ստուգում ՝ սահմանի մոտ:
Եվրամիությունում առաջարկից դժգոհ են:
«Չենք կարծում, սա այն է, ինչի կարիքն ունի Իռլանդիան», - նշում է Եվրախորհրդարանի Բրեքզիթի վերահսկողության խմբի ներկայացուցիչ Գայ Վերհոֆսթադը:
«Իրականում, դեռ շատ աշխատանք կա», - ավելացնում է Եվրամիության՝ Բրեքզիթի հարցերով ավագ բանակցող Միշել Բարնյերը:
Կան նաեւ ներքին խնդիրներ՝ նույնիսկ եթե կողմերը համաձայնության գան՝ գործարքը պետք է վավերացվի խորհրդարանի կողմից:
«Եվրամիությունն անհանգստացած է, որ Ջոնսոնի ջանքերով խորհրդարանն այնքան բեւեռացված է, որ վերջինիս կողմից առաջարկված ցանկացած գործարք այնտեղ չի հաստատվի», նշում է վերլուծաբան Ալան Վագերը:
Նախկին վարչապետ Թերեզա Մեյի Բրեքզիթի առաջարկները երեք անգամ մերժվել են խորհրդարանում՝ ընդդիմադիր լեյբորիստների օգնությամբ:
«Սա Մեյի գործարքից էլ վատն է: Չեմ պատկերացնում՝ ինչպես է աջակցություն ստանալու», - նշում է Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը:
Այս պայմաններում Ջոնսոնը կարող է ստիպված լինել Եվրամիությունից Բրեքզիթի ժամկետների երկարացում հայցել, քանի որ խորհրդարանում իր առաջարկի տապալման դեպքում հրաժարականից բացի դա լինելու է իր միակ ելքը, կարծում են վերլուծաբանները: