Ջամալ Հաշուգիի աղմկահարույց սպանությունից մեկ տարի անց՝ գործն «անտեսվում է»

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշուգիի սպանության տարելիցին նրա հարսնացուն և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հիշեցնում են միջազգային համայնքին, որ մեղավորներին պատժելու ուղղությամբ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն:

2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած սաուդցի լրագրող Ջամալ Հաշուգին, Թուրքիա կատարած այցի ժամանակ մտավ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այլևս չվերադարձավ: Թուրքիայի անցկացրած հետախուզությունը վկայում է այն մասին, որ սաուդցի գործակալները Հաշուգիին խեղդամահ են արել, ապա մասնատել դին:

Թուրք գրող և Ջամալ Հաշուգիի հարսնացու Հաթիս Քենգիզը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց, որ նավթի և զենքի շուրջ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված գործարքների հետևանքով Հաշուգիի սպանությունը անտեսվում է:

«Մենք պետք է աշխարհին հայտնենք, որ քաղաքական և տնտեսական ուժը չպետք է թույլ տան, որ սպանությունն անպատիժ մնա»,- ասում է նա:

Ըստ հունիս ամսին Ագնես Քալլամարդի ՄԱԿ-ին ներկայացրած հատուկ զեկույցի եզրակացության՝ Սաուդյան Արաբիան մեղավոր է Հաշուգիի «կանխամտածված սպանության» մեջ և սաուդցի թագաժառանգ Մահամեդ բին Սալմանը պետք է պատասխանատվության ենթարկվի:


Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ Սենատի միաձայն որոշմամբ նույնպես, Հաշուգիի սպանության մեջ մեղավոր ճանաչվեց թագաժառանգ Մահամեդ բին Սալմանը: Սակայն նախագահն իր ելույթում, պաշտպանեց թագաժառանգին և կարևորեց ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները:

«Ոչ ոք դեռևս մատնացույց չի արել Սաուդյան Արաբիայի ապագա թագավորին: Ես զրուցել եմ նրա հոր հետ, նրանք հիանալի դաշնակիցներ են մեզ համար: Նրանք տարիների ընթացքում մեզանից ձեռք են բերել 400 միլիարդ դոլարի արժողությամբ ռազմական տեխնիկա և այլ ապրանքներ»,- ասել է Դոնալդ Թրամփը:

ՄԱԿ-ին ներկայացված հատուկ զեկույցի հրապարակումից 10 օր անց, Ճապոնիայում 2019 G-20 գագաթաժողովի ժամանակ մի շարք այլ առաջնորդներ նույնպես պաշտպանել են թագաժառանգին:

«Բարեկամության այս ցուցադրումը կարծես ապտակ լիներ հասցված իմ զեկույցին և աշխարհի շուրջ անկախ արտահայտվելու համար քարկոծվող մարդկանց»,- ասել է Ագնես Քալլամարդին:

Սաուդյան Արաբիայի 11 կասկածյալներ շուտով դատարանի առջև կկանգնեն, որոնցից 5-ը հավանաբար մահապատժի կենթարկվեն: Սակայն ըստ Քալլամարդի փակ դռների հետևում լսումներ անցկացնելը չի համապատասխանում միջազգայնորեն հաստատված չափանիշներին: Նա կոչ է անում փոխել Սաուդյան Արաբիայում անցկացվելիք 2020 G-20 գագաթաժողովի վայրը: Քալլամարդն ու Քենգիզը հիշեցնում են աշխարհի առաջնորդներին, որ իրենց ձեռնարկած քայլերը կարող են որոշել Հաշուգիի նման շատ մարդկանց ճակատագրերը: