Ուկրաինայի նախկին ղեկավար Պետրո Պորոշենկոն կոշտ քննադատության է արժանացրել երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ռուսամետ անջատողականների հետ հատուկ կարգավիճակի մասին բանակցային ծրագիր ստորագրելու համար: Պորոշենկոյի կարծիքով, Ուկրաինան նման գործարքից պարտվող կարող է դուրս գալ.
«Հինգ տարի աշխարհը սատարոմ էր Ուկրաինայի դիրքորոշմանը, իսկ այսօր մեր դաշնակիցները լսում են բարձրացող Ռուսաստանի ձայնը: Դա պետք է փոխվի»:
Իշխանության ներկայացուցիչները սակայն պնդում են, որ որեւէ պարտության կամ երկրի շահերի դավաճանության մասին խոսք գնալ չի կարող:
«Ես հանդիպել եմ նախագահին, քննարկել դավաճանության մասին լուրերը, որոնք տարածվում են լրատվամիջոցներում, Ֆեյսբուկում եւ ամենուր: Նման բան չկա, նախագահը երաշխավորում է, որ որեւէ դավաճանություն չկա», - հայտարարել է խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:
«Շթայնմայերի բանաձեւ» անվան տակ հայտնի համաձայնագիրը, որը Ուկրաինայի իշխանությունները ստորագրել են ռուսամետ անջատողականների հետ, նախատեսում է խաղաղության հաստատում, հատուկ կարգավիճակ եւ ընտրություններ Դոնբասի որոշ շրջաններում:
2016-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք Ուալթեր Շթայնմայերը, ով այսօր այդ երկրի նախագահն է, առաջարկել էր հակամարտության կարգավորման հետեւյալ տարբերակը՝ ընտրություններ Ուկրաինայի անջատողական շրջաններում Ուկրաինայի օրենսդրության շրջանակներում եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, որրնց ազատ ընթացքից հետո այդ շրջանները կստանան ինքնակառավարման կարգավիճակ, իսկ Ուկրաինային կվերադարձվի վերահսկողությունն իր արեւելյան սահմանի նկատմամբ:
Տեղի բնակչության խոսքով, նոր գործարքը կարգավորման նոր հույս է ներշնչում:
«Շատ ուրախ եմ այդ թվում եւ Ուկրաինայի համար: Ես այստեղ ապրում եմ արդեն 50 տարի եւ ինձ այս երկիրը պետք է: Երեխաներս էլ են այստեղ ապրում՝ Ուկրաինայում են ապրում: Մեզ պետք է բարեկամներ մնալ», - ասում է Դոնեցկի բնակիչ Տատյանան:
«Ամենակարեւորը, որ դադարի պատերազմը, եւ շատ լավ է, որ համաձայնել են հանել զորքերը», - նշում է Վլադիսլավը, ով նույնպես բնակվում է Դոնեցկում:
2014 թվականից, երբ Ռուսաստանի աջակցությամբ Արեւելյան Ուկրաինայի մի շարք շրջաններում անջատողական տրամադրություններ զարգացան, որոնք այնուհետեւ պատերազմի վերածվեցին, այս հակամարտությունում զոհվել է ավելի քան 13,000 մարդ: