ԱՄՆ-ը ու Արաբական լիգան հորդորում են Թեհրանին հրաժարվել Եմենի ապստամբներին աջակցելու քաղաքականությունից

Չնայած այն հանգամանքին, որ Եմենում հութի ցեղի ապստամբ մի խմբավորում է իր վրա վերցրել Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, Վաշինգտոնը հավատացած է, որ հրթիռներն արձակվել են Իրանից։ Նախագահ Թրամփն էլ հրահանգել է ֆինանսների նախարարությանը խստացնել Թեհրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները։ Ռազմական հարված հասցնելու իր նախկին սպառնալիքի մասին խոսելով՝ Թրամփն ասել է, թե առայժմ չի ուզում շտապել։

Նրա խոսքերով դա սկսելը շատ հեշտ է։ ՝՝Ու եթե զգանք, որ հարկավոր է դիմել այդ քայլին, մենք կդիմենք այդ քայլին՛՛, ասել է նա։ Ինչպես Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ռոբերտ ՕԲրայընն է ասում, Թրամփին իր խորհուրդներն այս մասին լինելու են գաղտնի։ ՕԲրայընն այս պաշտոնում փոխարինում է Ջոն Բոլթոնին, ում Թրամփը պաշտոնից ազատեց անցյալ շաբաթ։ Մինչ նոր պաշտոնը զբաղեցնելը, ՕԲրայընը եղել է Պետդեպարտամենտում պատանդների հարցերով նախագահի դեսպանորդը։
Վերադառնալով Սաուդյան Արաբիայում իրականացված պայթյուններին, ասենք, որ այս երկրի պաշտպանության նախարարության խոսնակի խոսքերով, իրենք ունեն բավարար փաստեր այն մասին, որ հարձակումներն իրականացրել է Իրանի Հեղափոխական գվարդիան եւ որ իրենք այդ տվյալները հանձնելու են ՄԱԿ-ին ։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Մոհամեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Արամկոյի նավթամշակման գործարանի ավերումն անվանել է՝՝Իրանի կողմից պատերազմական գործողություն՛՛։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն հերքում է բոլոր մեղադրանքները, իսկ Եմենի հութի ցեղի ապստամբ խմբավորումը՝ հայտարարում, որ իրենք արդեն ունեն ռազմական լուրջ կարողություններ, եւ որ հարձակումներն իրականացրել են իրենք։

Արաբական լիգայի առաջնորդները հորդորում են Իրանին դադարեցնել Եմենի ապստամբներին ֆինանսական ու զենքեր մատակարարելու միջոցով աջակցությունը, եւ Եմենում արդեն չորս տարի շարունակվող հակամարտությունը փաստացիորեն համարում պատերազմ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ։