Բրիտանական քաղաքական դաշտը սառել է սպասումների մեջ: Երկրի խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես կասեցված են, սակայն դատարանն այդ քայլը ճանաչել է անօրինական: Բրեքզիթի խնդիրը երկիրը կանգնեցրել է քաղաքական ճգնաժամի եզրին:
«Ակնհայտ է, որ գնում ենք դեպի նոր ընտրություններ, հավանաբար նոյեմբեր ամսին: Ամեն ինչ այժմ դիտարկվելու է այս տեսանկյունից: Դա է պատճառը , որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդը և առանց համաձայնության Բրեքզիթի այլ հակառակորդներ ցանկանում են, որ Բորիս Ջոնսոնը հայտնվի այնպիսի իրավիճակում, որխնդրի Բրյուսելից Բրեքզիթի ժամկետի երկարաձգում»,- նշում է Open Europe Policy Group հաստատության վերլուծաբան Սթեֆեն Բուվթը:
Օրենքով, եթե գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա մինչև հոկտեմբերի 19-ը համաձայնության հասնել, պարտավոր է խնդրել ժամկետների երկարաձգում Բրեքզիթի համար: Սակայն Ջոնսոնը չի հանձնվում:
«Կարծում եմ մենք կկարողանանք հասնել համաձայնության: Սակայն անհրաժեշտության դեպքում կլքենք դաշինքն՝ առանց դրա»,- հայտարարել է Ջոնսոնը:
Չնայած ընդդիմության նախազգուշացումների՝ կառավարությունը կարծես թե խուսափում է երկարացնել Բրեքզիթի ժամկետը:
Վարչապետը լռեցրել է խորհրդարանը, հատկապես նրա ընդդիմադիր հատվածին, սակայն դատարանը խորհրդարանի կասեցման քայլը որակել է անօրինական:
Երեքշաբթի օրը մի քանի օրենսդիներ փորձել են թույլ չտալ, որ խորհրդարանի խոսնակը լքի իր աթոռը: Կառավարությունն իր հերթին ամենայն հավանականությամբ պատրաստվում է նոր ընտրություններին՝ փորձելով դրանց միջոցով հաղթահարել խորհրդարանի հետ անհամաձայնությունը Բրեքզիթի հարցում:
Իսկ Բրյուսելում այս ընթացքում սկսվել է նոր հանձնակատարների նշանակման գործընթացը: Չի բացառվում, որ դաշինքի որոշ անդամներ կարող են արգելափակել ժամկետի երկարաձգման մասին Լոնդոնի խնդրանքը:
Այստեղ առկա է մտավախություն, որ Բրեքզիթի արդյունքում ի հայտ եկած սահմանային անցակետերը կարող են բռնություն հրահրել, մասնավորապես իռլանդական հարցում: Այս իրողությունը հիշեցնում է, որ Բրեքզիթի խնդիրը միայն ներբրիտանական հարցերից չէ: