Ինչու՞ աշխատանքից հեռացվեց Ջոն Բոլթոնը

ԱՄՆ-ի նախագահը երեքշաբթի օրը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը հնչեց ի զարմանս շատերի։ Խոսքը ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին աշխատանքից ազատելու որոշման մասին է։

Ջոն Բոլթոնը պիտի մասնակցեր ահաբեկչության դեմ պայքարի շուրջ երեքշաբթի օրն անցկացված ասուլիսին։ Սակայն նախագահ Թրամփի հրամանով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից ասուլիսից մի քանի ժամ առաջ։
Բոլթոնը փորձում է մեղմել իր պաշտոնազրկման փաստը՝ հայտարարելով, թե ինքը հրաժարականի մասին իր դիմումն արդեն ներկայացրել էր Թրամփի որոշումից առաջ։

Սակայն հարցը հիմա այն չէ, թե որը նախորդեց մյուսին։ Ուշագրավն այն է, որ պաշտոնից նրա հեռանալու փաստը տեղի ունեցավ Քեմփ Դեյվիդում Թալիբանի հետ նախատեսված խաղաղության բանակցությունները չեղյալ հայտարարվելուց անմիջապես հետո, բանակցություններ, որտեղ պիտի քննարկվեին Աֆղանստանից ամերիկյան հազարավոր թվակազմով ուժեր դուրս բերելու հետ կապված հարցեր։ Իսկ Բոլթոնը միշտ էլ դեմ է եղել նման գործարքի։ Ինչպես վերլուծաբան Թոդ Բելթն է ասում, ամենամեծ խնդիրը Բոլթոնի շուրջ գոյացավ, երբ վերջինս որոշեց չմասնակցել թալիբների հետ հանդիպմանը։ Բոլթոնի հետ կապված այս պատմությունը զարգացավ այն ժամանակահատվածում, երբ նախագահը փորձում է դիվանագիտական եղանակով խոսել թշնամական համարվող երկրների ղեկավարների, այդ թվում Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ։


Մերձավոր Արեւելքի հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքս Վաթանկան հիշեցնում է, որ Բոլթոնն Իրանի հարցում, օրինակ, եղել է այստեղ իշխանափոխություն իրականացնելու ջատագով։ Ու հիմա, ասում է նա, երբ Բոլթոնն այլեւս հեռացված է, Իրանում իշխանափոխություն իրականացնելու հարցը հանվում է օրակարգից, ինչը, նրա խոսքերով, երկխոսության տեղ է բացում Վաշինգտոնի ու Թեհրանի համար։
Ջոն Բոլթոնը միշտ էլ համարվել է , ամերիկյան լեզվով ասած ՝՝բազե՛՛, այսինքն՝ գործիչ, որը քաղաքականությունը փորձում է հենել ԱՄՆ-ի ռազմական կարողության վրա։ Այս հարցում հաճախ են եղել բախումներ Թրամփի հետ, որը չնայած իր հռետորաբանական փորձառությանը, իրականում դեմ է դեպի օտար երկրներ ռազմական ներխուժում իրականացնելու քաղաքականությանը։

Բոլթոնին պաշտոնից Թրամփն ազատեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի դաշնակիցները մտահոգություն են արտահայտում վարչակազմում որոշ դեպքերում առկա անորոշությունների առնչությամբ։ Ինչպես Ջոնջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Թոդ Բելթն է ասում, ՝՝Դաշնակիցներն ուզում են, որ ԱՄՆ-ի վարչակազմը խոսի մեկ լեզվով եւ այդ լեզվով խոսի շարունակ՛՛։

Իսկ Բոլթոնը ազգային անվտանգության հարցերով երրորդ խորհրդականն է, որին Թրամփը հեռացրել է անցած երեք տարիների ընթացքում։