Թալիբանի հետ խաղաղության բանակցությունները կասեցված են

Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատեւ պատերազմն ավարտելու ծրագիրը նորից հանդիպեց մի ամուր պատնեշի, երբ Թալիբանի կողմից իրականացված հարձակման արդյունքում զոհվեց 12 մարդ, այդ թվում` ամերիկացի մեկ զինվորական: Թրամփը նախատեսված բանակցությունները հայտարարեց չեղյալ: Արտգործնախարար Մայք Փոմփեոն նախագահի որոշումը անվանեց ճիշտ ու ժամանակին:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք մինչ այդ մի քանի ամիս շարունակ էին հանդիպումներ ունենում Թալիբանի ղեկավարների հետ ու փորձում գտնել խաղաղության հասնելու ուղիներ, նույնիսկ այստեղից ամերիկյան մեծաթիվ ուժեր դուրս բերելու պայմանով: Սակայն Թալիբանը խաղաղության այս հնարավորությունը բաց թողեց` մահաբեր հարձակում իրականացնելով:

Ինչպես վերլուծաբաններից Դեյվիդ Սեդնեյն է ասում, Թալիբանը, հարձակում իրականացելով Աֆղանստանում, հարցականի տակ դրեց խաղաղություն հաստատելու իր նպատակների մասին անկեղծ լինելու հանգամանքը:

Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, թե Քեմփ Դեյվիդում նախատեսված գաղտնի բանակցություններն ինքը չեղյալ է հայտարարում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների տարելիցից մի քանի օր առաջ: Թրամփի կուսակից կոնգրեսականներից ոմանք պնդում են, որ Թալիբանն ընդհանրապես պիտի հրավիրված չլիներ Միացյալ Նահանգներ:


Ինչ վերաբերում է Աֆղանստանի կառավարությանը, այն նույնպես ողջունում է բանակցությունները չեղարկելու Թրամփի որոշումը:
Ինչպես պետքարտուղար Փոմփեոն է ասում, ‘’երբ մահաբեր հարձակում իրականացվեց բանակցությունները սկսելու ճանապարհին, բոլորս հասկացանք, որ սկսվել է այս գործընթացվի վերջը: Եվ այդ ժամանակ էր, որ Թրամփն ասաց բավական է, մենք չենք պատրաստվում պարգեւատրել նման վարքագծի համար’’:


Ու քանի որ բանակցությունները կասեցված են, ամերիկյան մի քանի հազար թվակազմով ուժերի դուրսբերումն Աֆղանստանից նույնպես հայտարարվում է կասեցված: