ԱՄՆ-ը ազատ առեւտուր կսկսի Մեծ Բրիտանիայի հետ, երբ վերջինս դուրս գա Եվրոպական միությունից. Փենս

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի այցը Մեծ Բրիտանիա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ այս երկրի նոր վարչապետը կանգնած է նույնիսկ իր իսկ կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականների ճնշման տակ, որոնք համաձայն չեն Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից առանց համաձայնության դուրս բերելու իր դիրքորոշման հետ: Առանց գործարքի Միությունից դուրս գալու դեպքում հարկավոր է լինելու վերականգնել Միության անդամ հանդիսացող Իռլանդիայի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի քննադատներն ասում են, թե այդ սահմանը կարող է մեծ խոչընդոտ դառնալ բրիտանացի գործարարների համար:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Լոնդոնում սակայն կրկնում է Ջոնսոնին իր երկրի վարչակազմի աջակցությունը: Նրա խոսքերով Վաշինգտոնը եւս հավատացած է, որ Մեծ Բրիտանիան կանգնած է ‘’Նոր ոսկե դարի’’ շեմին:

‘’Մի նոր դարաշրջան, երբ մեր երկու երկրները կկանգնեն կողք կողքի, ուս ուսի եւ ցույց կտանք աշխարհին, թե ինչպես ազատ ու արդար առեւտուրը կարող են նպաստել ամբողջ աշխարհում բարգավաճմանը եւ խաղաղությանը’’, ասել է Փենսը:


Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները պատրաստ է ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս դուրս գա Եվրոպական Միության կազմից: Նա հույս է հայտնում, որ այդ դեպքում կողմերի միջեւ առեւտուրը կաճի երեքից չորս անգամ:
Հիմա Բորիս Ջոնսոնը ցանկանում է ցրել խորհրդարանը եւ հրավիրել արտահերթ ընտրություններ, որպեսզի հնարավորություններ բացվեն մինչեւ հոկտեմբերի վերջը Բրեքզիթն ապահովելու համար:
Ջոնսոնը մեղադրում է խորհրդարանին, հայտարարելով, որ յուրաքանչյուր ամիս նման հետաձգումների արդյունքում հարուցվում է մեկ միլիարդ դոլարի վնաս:

Իսկ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն այս ընթացքում փորձում է օգտվել քաղաքական ճգնաժամից ու վերջ տալ Պահպանողական կուսակցության իննամյա կառավարմանը: