«Ազատ մամուլը կարեւորագույն արժեք է. կարեւոր է, որ քաղաքացիները ստանան անաչառ եւ բազմակողմանի տեղեկատվություն եւ, որ պակաս կարեւոր չէ, որ վստահեն նրան, ինչ կարդում, տեսնում եւ լսում են», - «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը ազատ մամուլի կարեւորության մասին իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպմանը, ովքեր Միացյալ Նահանգներում հաջորդ օրերի ընթացքում կծանոթանան ամերիկյան հաստատությունների աշխատանքին եւ կկիսվեն իրենց սեփական փորձով:
Հայաստանցի առաջնորդների այցը կազմակերպված է «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի եւ իրականացվում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից, նշում է ԱՄՆ-ի դեսպանության մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը.
«Ծրագիրը հնարավորություններ է ստեղծում Հայաստանից մասնագետների համար հանդիպելու իրենց ամերիկյան գործընկերների հետ եւ տեղում ծանոթանալու ամերիկյան փորձին, եւ հետագայում ստեղծված կապերն օգտագործելով, իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով»:
Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի Հայաստանցի մասնակիցների հետ քննարկմանը ամերիկյան մասնավոր լրատվամիջոցների ու նաեւ «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքի փորձը ներկայացրեց «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խմբագիր Արամ Վանեցյանը: ԱՄՆ-ի մայրաքաղաքից ծրագրի մասնակիցները կուղեւորվեն Դեթրոյթ, որտեղ կհանդիպեն իրենց գործընկերներին: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի իրավական խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ցանկանում է ուսումնասիրել ամերիկյան փորձը մի շարք խնդիրների ինստիտուցիոնալ լուծման հարցում.
«Ցանկալի է կիրառել ամերիկյան ժողովրդավարության փորձը Հայաստանում, հաշվի առնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը հանդիսանում է հանրության դեմքը, հանրության խողափողը Հայաստանում լուրջ զարգացումների մասին խոսելիս»:
Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրության տնօրենի օգնական Սյուզաննա Թուսինյանին հատկապես հետաքրքրում է նոր տեխնոլոգիաների պայմաններում ռադիոյի զարգացման հեռանկարները.
«21-րդ դարում ռադիոն գնում է դեպի վիզուալիզացում եւ մենք նույնպես կիրառում ենք այդ փորձը, սակայն, պատրաստ ենք նաեւ դրսի փորձը բերել Հայաստան»:
Ծրագրի մասնակիցների հետ մեկ ժամից ավելի փակ դռների հետեւում զրուցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը հիշեցնում է՝ ծրագիրը փորձի երկկողմ փոխանակում է նախատեսում, ուստի ամերիկյան կողմը նույնպես հնարավորություն կունենա սովորելու հայ մասնագետներից.
«Ծրագրին մասնակցում է Հայաստանի հանրային հեռարձակողների փայլուն խումբ եւ մենք զրուցեցինք ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցների դերի մասին, որն օգնում է քաղաքացիներին անկաղմնակալ տեղեկություններ ստանալ, որպեսզի քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնեն եւ երկիրը հաջողություն գրանցի»: