Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ կարող է հայտարարել, այն բանից հետո, երբ խորհրդարանում մեծամասնություն կազմող իր սեփական Պահպանողական կուսակցությունը հրաժարվեց թույլ տալ վարչապերտին անհրաժեշտության դեպքում Բրիտանիան դուրս բերել Եվրամիությունից առանց գործարքի: Ի պատասխան, ըննդիմությունը եւ Ջոնսոնի կուսակցության մի մասը չորեքշաբթի օրը Բրիտանիայի խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որն արգելում է Բրիտանիայի ելքը Եվրամիությունից առանց գործարքի:
Բորիս Ջոնսոնի հակասությունները սեփական խորհրդարանի հետ սրվեցին այս շաբաթ, երբ նա հայտարարեց, որ եթե մինչեւ հոկտեմբերի 31-ը նախատեսված ժամկետը Եվրամիությունը Բրիտանիայի հետ ելքի գործարք չկնքի, ապա երկիրը դուրս կգա Եվրամիությունից առանց որեւէ գործարքի, ՝՝որից կտուժեն թե՛ Լոնդոնը եւ թե՛ Բրյուսելը՛՛: Վերլուծաբանների մի մասն այս քայլը համարում է նաեւ Լոնդոնի կողմից Եվրամիության վրա ճնշման միջոց, քանի որ Բրյուսելում չեն շտապում ազատ թողնել Բրիտանիային՝ ամեն կերպ երկարաձգելով ելքի շուրջ բանակցությունները: Ընդդիմադիր բրիտանական Լեյբորիստական կուսակցությունն իր հերթին դեմ է երկրի ելքին ԵՄ-ից առանց գործարքի, որը կկարգավորեր Լոնդոնի ու Բրյուսելի հետագա փոխհարաբերությունները: Հանդիպելով այս իրավիճակին, երբ սեփական կուսակցության մի մասն աջակցում է այս հարցում լեյբորիստներին, Ջոնսոնը սպառնում է հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել: