Դանդաղ քայլերով Դորիան ծովամրրիկը մոտենում է Ֆլորիդայի ափերին: Ծովամրրիկն արդեն լուրջ վնասներ է հասցրել Բահամյան կղզիներին՝ թողնելով բազմաթիվ ավերածություններ եւ առնվազն մեկ զոհ: Թեեւ Դորիանը դանդաղ է տեղափոխվում՝ մեկ ժամում ընդամենը 1.5 կիլոմետր արագությամբ, ծովամրրկի կենտրոնում քամու արագությունը հասնում է ժամում 265 կիլոմետրի: Արագություն, որը դարձնում է Դորիանը հինգերորդ՝ ամենավտանգավոր կարգի ծովամրրիկ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով վտանգի մասին, հայտարարել է, որ այն հսկայական վտանգ է ներկայացնում.
«Մենք գաղափար չունենք, թե ինչ է սպասվում: Գիտենք ընդամենը, որ սա հավանաբար չափազանց հզոր փոթորիկ է: Համոզված չեմ, լսե՞լ եմ երբեւէ հինգերորդ կարգի մասին: Տեղյակ էի, որ այն գոյություն ունի, տեսել էի չորրորդ կարգի փոթորիկ: Հինգերորդ կարգի մասին միայն լսել եմ»:
Հինգերորդ կարգի էր պատկանում 2017-ին Պուերտո Ռիկոն ավերած Մարիա ծովամրրիկը:
ԱՄՆ-ի Եղանակի ազգային ծառայությունից հայտնել են, որ Բահամյան կղզիներում Դորիան ծովամրրկի քամու արագությունը հասել է ժամում 297 կիլոմետրի, սակայն, մոտենալով Ֆլորիդայի ափերին, արագությունը փոքր ինչ նվազել է, կազմելով ժամում 265 կիլոմետր, որը սակայն, մնում է չափազանց վտանգավոր:
Ֆլորիդայի նահանգապետ Դոն ԴեՍանթիսը հայտարարել է, որ շուրջ 17 հազար ծառայող հերթապահության մեջ են գտնվում, որպեսզի հակազդեն Դորիան ծովամրրկի հետեւանքներին Ֆլորիդայի ափերին.
«Դորիանը ցույց է տվել, թե ինչի է ընդունակ՝ ավերելով Բահամյան կղզիները»:
Կղզիներում Դորիան ծովամրրիկը ավերել է տնել, բազմաթիվ մարդկանց թողնելով անօթեւան: Ֆլորիդայում նախատեսում են հոսանքազրկել փոթորկի հարվածի տակ գտնվող ամբողջ տարածքը: