Ֆրանսիայում Մեծ Յոթնյակի գագաթաժողովին նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է առեւտրի, Ռուսաստանի եւ շրջակա միջավայրի վերաբերյալ միասնական մոտեցման անհրաժեշտության մասին: Անդրադարձել է նաեւ Չինաստանի հետ առեւտրային բանակցություններին.
«Այս հարցը պետք է դեռ այլ մարդիկ կարգավորեին. Բուշը, Քլինթոնը, երկրորդ Բուշը: Փոխարենը, ես եմ այն կարգավորում»:
ԱՄՆ-ի ամուր տնտեսությունը Թրամփի նախընտրական պայքարի կարեւոր կետերից է.
«Չնայած այս վհուկների որսին, մեզ հաջողվեց այս հսկայական հրաշալի նավը շատ արագ շրջել»:
Չինաստանի հետ առեւտրային պատերազմը սակայն որոշ տնտեսագետների կարծիքով կարող է 2020-ին տնտեսական անկման հանգեցնել, որն էլ օգտագործելու են Թրամփի մրցակիցները Դեմոկրատական կուսակցությունից:
«Ներկայիս առեւտրային, արտաքին եւ ներքին քաղաքականությունը արժեթղթերի շուկաներում աշխատող մարդկանց մոտ կասկած է առաջացնում, թե որքան կայուն է այս վարչակազմը», - նշում է նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուներից մեկը, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Թրամփը նաեւ առերեսվում է մրցակցության սեփական կուսակցության ներսում՝ ի դեմս պահպանողական թեկնածու Ջո Ուոլշի.
«Ես դրել եմ թեկնածությունս, որովհետեւ նա իր աշխատանքը լավ չի կատարում: Երկիրը հոգնել է նրա հայտարարություններից, նա կարծես երեխա լինի»:
Սակայն հիմնական խոչընդոտը Թրամփի համար կարող է լինել տնտեսական անկումը, նշում են վերլուծաբանները:
«Մենք երբեք չենք վերընտրել նախագահ տնտեսական անկման պայմաններում», - նշում է Սյուզան Փեյջը:
Այս պահին Թրամփի կարծիքով վերընտրվելու լավագույն եղանակը կողմնակիցներին ոգեշնչելն է: