Ռուսաստանի հարցը Մեծ Յոթնյակի գագաթաժողովի օրակարգում չէր, սակայն, բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նախագահ Թրամփը ասուլիսի ընթացքում մի քանի անգամ անդրադարձավ Ռուսաստանին վերադարձնելու հարցին.
«Լավ է Ռուսաստանը լինի վրանի ներսում, քան՝ դրսում: Սակայն, կարո՞ղ ենք ապրել առանց նրանց՝ այո՛»:
Ռուսաստանում վերլուծաբաններն առայժմ թերահավատորեն են տրամադրված.
«Նախագահ Թրամփը հաճախ թրոլինգով է զբաղվում եւ հաճախ իր խոսքերը չի կարելի ընկալել բառացի: 2018-ին նա արդեն մեկ անգամ առաջարկել էր վերադարձնել Ռուսաստանը Մեծ Յոթնյակ: Այս ամենն ուղղված է աղմուկ բարձրացնելուն, իսկ դրանից հետո, ո՞վ գիտի, մի գուցե արդյունքում Ռուսաստանն իրոք հրավիրվի», - «Ամերիկայի Ձայն»-ին ասում է քաղաքագետ Վիտալի Շկլյառովը:
Իր կողմից նախագահ Պուտինն առաջարկը զգուշորեն է մեկնաբանում.
«Մեծ Ութնյակ գոյություն չունի, ես ինչպե՞ս վերադառնամ մի կազմակերպություն, որը չկա: Այժմ դա Մեծ Յոթնյակ է: Մենք երբեկ դեմ չենք այդ երկրների հետ բանակցությունների: Նույնիսկ մեկ անգամ մեր հերթն էր Մեծ Ութնյակի գագաթաժողով կազմակերպելու, սակայն նրանք չեկան: Այժմ մենք նույնպես պատրաստ ենք ընդունելու մեր գործընկերներին, նույնիսկ՝ Մեծ Յոթնյակի ձեւաչափով»:
Ստեղծված իրավիճակում Պուտինը ճիշտ է գործում, համոզված է պատմաբան Նիկոլայ Ռուդենսկին.
«Մենք տեսանք՝ ինչպիսի ոգեւորությամբ էր նա խոսում Մեծ Ութնյակի մասին. Չգիտե~մ, տեսնե~նք: Անշուշտ, ռուսական քարոզչությունը այս հնարավորությունը բաց չի թողնի՝ տարածելով, թե Ռուսաստանի թշնամիները գիտակցել են իրենց սխալները եւ փորձում են դրանք շտկել»:
Ռուսաստանը Մեծ Ութնյակից վտարվել էր 2014-ին՝ Ղրիմը բռնակցելու պատճառով: