Պոմպեո՝ Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր ելույթում Պոմպեոն խոսել է Մերձավոր Արևելքի մարտահրավերների մասին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օրերս անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի միջուկային ծրագիրը և գործողությունները Հորմուզի նեղուցում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում որակել է որպես տարածաշրջանի անվտանգության եւ ապակայունացման սպառնալիք։

Պոմպեոն տեղեկացրել է, որ ԱՄՆ ու Լեհաստանը Վարշավյան գործընթացի համատեքստում ձևավորել են 7 աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն անվտանգության և այլ խնդիրներով:

Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել այս խաղաղ գործընթացին՝ այն որակելով միակողմանի ու ոչ դիվանագիտական:

Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ խախտում են միջազգային իրավունքը և նպատակ ունեն տնտեսապես խորտակել այդ երկիրը: Հավելելով, որ ԱՄՆ ագրեսիվ կեցվածքն ու վիրավորանքները նպաստում են տարածաշրջանում անկայունության խորացմանը:

Գերմանիայի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ միակողմանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և կոչ արել համակարգված միջազգային աշխատանք իրականացնել, միաժամանակ զգուշացնելով տարածաշրջանի առաջնոդներին՝ չմոռանալ մարդու իրավուքների մասին:

Անվտանգության խորհրդի մասնակից երկրների ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր կողմերին հարգել միջազգային պայմանագրերն ու ՄԱԿ-ի բանաձևերը՝ ընգդգծելով տնտեսական զարգացման անհրաժեշտությունը, հատկապես մի շարք խնդրահարույց շրջաններում: Կարևորվեցին նաև կրթության բարելավման ու երիտասարդների ու կանանց զբաղվածության հետ կապված ջանքերը: