Հարց՝ Բարև Ձեզ, պարոն Բիրման, շնորհակալություն , որ ընդունեցիք մեր հրավերը: Կցանկանայինք խոսել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից Հայաստանում: Վերջերս Սպիտակ տունը որոշում է կայացրել սառեցնել ժամանակավորապես բոլոր չօգտագործած միջոցների հետ կապված հատկացումները՝ ծրագրերը վերանայելու համար: Ի՞նչ կասեք այս առիթով, և մասնավորապես Հայաստանի ծրագրի վերաբերյալ:
Բրոք Բիրման՝ Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար՝ խոսելու այն կարևոր գործընկերության մասին, որ մենք ունենք Հայաստանի հետ: Հայաստանը մշտապես կարևոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար:
Սա ինձ համար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում երկրորդ պաշտոնավարումն է, ուստի առաջին անգամը չէ, որ առնչվում եմ Հայաստանի հետ և հանդիպում նրա ղեկավարությանը: Մենք շատ ոգևորված ենք ծրագրերով:
Ինչպես գիտեք, վերջերս՝ անցած տարվա դեկտեմբերին ուղևորվել էի Հայաստան, որտեղ առիթ ունեցանք հանդիպելու վարչապետի և մի շարք նախարարների հետ: Շատ արդյունավետ ու հիմնարար քննարկումներ ունեցանք Հայաստանին հատկացվող օգնության ավելացման վերաբերյալ: Վերջին անգամ Հայաստանում եմ եղել 2003 թվականին: Իմ անցած ուղևորությունից անցել է երկար ժամանակ, բայց միշտ ուրախ եմ վերադառնալ Հայաստան և այցելել ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև մայրաքաղաքից դուրս շրջանները, ինչն էլ արեցի, երբ ուղևորվում էի Թբիլիսիից Հայաստան: Ուրախ եմ առիթ ունենալ շփվելու սովորական մարդկանց հետ, զրուցել նրանց անհանգստացնող խնդիրներից, որոնց առնչվում են նրանք, ինչպես նաև հանդիպել երկրի ղեկավարության հետ:
Շատ կարևոր էր այցն ու քննարկումները այն առաջնային խնդիրների մասին, որոնց հետ այժմ առնչվում է Հայաստանը: Եվ մասնավորապես այն մասին, թե ինչն է կարևոր և որոնք են ներկայիս կառավարության առաջնահերթությունները:
Հարց՝ Հայաստանում տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Ինչպե՞ս դրանք անդրադարձան ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության վրա և որոնք են այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաջնահերթությունները Հայաստանի հարցում:
Բ.Բ.՝ Նախ նշեմ, որ 2015 թվականին մեր բյուջեն 8 միլիոն էր, այժմ 2018 թվականի ֆինանսական տարում այն 18 միլիոն է: Այսպիսով, դուք կարող եք տեսնել, որ ընդամենը մի քանի տարում մենք ավելի քան կրկնապատկել ենք մեր օժանդակությունը Հայաստանին և, որ ավելի կարևոր է, մենք պարտավորություն ենք ստանձնել ղեկավարության առջև:
Ինչպես նշեցի, վարչապետի հետ իմ հանդիպման ժամանակ ծավալուն քննարկում ունեցանք, թե որոնք են այդ առաջնահերթությունները: Եվ այդ քննարկման ընթացքում անդրադարձանք կոռուպցիայի դեմ պայքարին, խոսեցինք օրենքի գերակայության, դատական համակարգի մասին:
Անդրադարձանք նաև տնտեսական զարգացմանը և թե ինչպես է հնարավոր օգնել հայերին ՝ իրականացնելու իրենց երազանքներն ավելի լավ ապրելու համար, ինչպես նաև խոսեցինք հաջորդ սերունդների մասին: Այսպիսով, մենք կենտրոնացել ենք այդ ոլորտների վրա:
Եվ այդ հանդիպման ժամանակ, որը մենք ունեցել էինք անցյալ տարվա դեկտեմբերին, խոսեցինք ԱՄՆ-ի օգնության ավելացման անհրաժեշտության մասին: Այդ ժամանակվանից ի վեր վեց ամսվա ընթացքում մինչև հունիս, երբ սկսվեց մեր ծրագրի իրականացումը ՝ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի միջոցով, մենք այժմ հավելյալ 6 միլիոն դոլար ենք տրամադրում նմանատիպ ծրագրերին, որոնք օգնում են առնչվել կառավարության առաջնահերթությունների հետ:
Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռվել են անցած տարվա կառավարության փոփոխության արդյունքում:
Հարց՝ Ի՞նչ փոփոխություններ կարող եք նշել Հայաստանում, քանի որ այցելել եք երկիր նախքան հեղափոխությունը և դրանից հետո:
Բ.Բ.՝ Ես Հայաստան էի այցելել 2003 թվականին նախքան վերջին այցս, ուստի բավականին ժամանակ է անցել առաջին այցից: Բայց իհարկե փոփոխույունները ակնհայտ էին ոչ միայն Երևանում, այլև ամբողջ երկրով մեկ: Այցի ընթացքում, երբ զրուցում էի սովորական մարդկանց հետ այդ փոքր քաղաքներից կամ պետական պաշտոնյաների կամ երիտասարդների հետ, ակնառու էր այն հույսը, որ նրանց մոտ առաջ է եկել հեղափոխությունից ի վեր:
Մարդիկ անկեղծորեն ոգևորված են Հայաստանի ապագայով, կարծում եմ, որ դա շատ լավ է ողջ հայության ապագայի համար:
Հարց՝ 2005 թվականից ի վեր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի բնույթը փոխվեց մարդասիրական օգնույունից դեպի զարգացման ծրագրեր: Այժմ հաճախ հնչում են կոչեր ԱՄՆ-ի օգնությունը փոխարինել ներդրումներով, սակայն դեռևս այս առումով անելիքներ կան: Հնարավո՞ր է շուտով տեսնել ներդրումային նոր ծրագրեր:
Բ.Բ.՝ Կարծում եմ, որ մեր ծրագրերը թիրախավորում են ներդրումների ոլորտը տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով, ինչպես նաև որոշ տեխնոլոգիական ծրագրերի միջոցով մեր տեխնոլոգիական կենտրոնների հետ կապված կամ մի շարք այլ ծրագրերի, որոնք օգնում են տնտեսությանը:
Օրինակ, զբոսաշրջության ոլորտը, որտեղ ունենք հիանալի հնարավորություն՝ ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը աշխարհին ներկայացնելու համար:
Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմությունն ու մշակույթը ինքնին շատ առանձնահատուկ է և ձգում է դեպի իրեն մարդկանց:
Հարց ՝ Ի՞նչ այլ ոլորտներ կառանձնացնեք որպես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաջնահերթություններ Հայաստանում:
Բ.Բ.՝ Կարծում եմ ՝ տեխնոլոգիական ոլորտները մեծ առաջնահերթություն ունեն, որոնք բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծում և մարդկանց ավելի լավ հնարավորություն տալիս հոգալու իրենց և իրենց ընտանիքների հոգսերը:
Բացի այդ, տեխնոլոգիաներից զատ կարևոր է շուկայի դիվերսիֆիկացումը, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտներում: Մարդկանց անհրաժեշտ է բացատրել, թե ինչպես նրանք կարող են հասնել հաջողության դիվերսիֆիկացիայի միջոցով: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է հնարավոր արդյունավետ օգտագործել Հայաստանի մեր գործընկերների կարողությունները:
Հարց՝ Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում տեղական կառույցների կարողությունները:
Բ.Բ.՝ Անկեղծ ասաց շատ տպավորված եմ: Ինչպես հիշատակեցի հարցազրույցից առաջ, Հայաստանում եղածս օրերին այցելեցի տնտեսական գոտի, որտեղ ինձ սովորեցրեցին, թե ինչպես է պետք պատրաստել գաթա:
Ինչպես նշել էի՝ հանդիպել եմ վարչապետի հետ: Համոզված եմ գիտեք, որ նա սիրում է հանրության հետ հաղորդակցվել Facebook Live- ի միջոցով, որը կարծում եմ հիանալի միջոց է շփվելու ժողովրդի հետ և խոսելու այն ամենի մասին, ինչը կատարվում է երկրում կամ մտահոգում մարդկանց իրենց համայնքներում: Վարչապետի հետ պայմանավորվեցինք, որ կայցելենք նրա ծննդավայր հաջորդ անգամ, երբ այցելեմ Հայաստան, որը ծրագրում եմ մոտ ապագայում:
Հարց՝ ԱՄՆ մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Հայաստանի հետ կապված մարդասիրական նման ծրագրերից է նաև Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է HALO Trust կազմակերպությունը: ԱՄՆ սակայն ազդարարել է ծրագրի հնարավոր դադարեցման մասին, որից հետո HALO Trust ու ամերիկահայ կառույցները հանդես եկան կոչով չդադարեցնել ծրագրի ֆինասավորումը: Ամերիկացի 89 կոնգրեսականներ և 22 սենատորներ իրենց հերթին նամակով դիմեցվին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենին՝ միանալով ծրագիրը շարունակելու կոչին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Բ.Բ.՝ Մենք հպարտ ենք աշխատանքով, որը իրականացվել է վերջին 18 տարիների ընթացքում ականազերծան ոլորտում: Վերջին զեկույցը, որը մենք ստացել ենք պաշտոնապես Halo Trust- ից, ցույց է տալիս, որ 97,9 տոկոսով իրականացրել ենք ականազերծումը, և դա մեծ հաջողություն է, որի միջոցով փրկվել են բազմաթիվ կյանքեր և նոր հնարավորություններ են ստեղծվել գյուղատնտեսական և այլ ոլորտներում: Մարդիկ կարողանում են օգտագործել այդ ականազերծված հողերը:
Հարց՝ Վերջերս ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ծրագրերի հետ կապված հավելյալ 40 միլիոն դոլարի տրամադրման մասին օրենսդրական փոփոխությունը: Ի՞նչ փուլում է այս օժանդակության հարցը և ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել:
Բ.Բ.՝ Կոնգրեսը պետք է որոշի, թե որն է լինելու բյուջեն, որից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կօգտագործի իրեն հատկացված միջոցները `այդ ռեսուրսները լավագույնս ծառայեցնելով տարբեր ոլորտներում Հայաստանին օգնելու համար: Մեր բոլոր ծրագրերը կուղղվեն Հայաստանի առաջնահերթություններին աջակցելուն: Երեկ իմ գրասենյակում հանդիպել ենք Հայաստանի դեսպանի հետ, ում հետ ծավալուն զրույց ենք ունեցել Հայաստանի առաջնահերթությունների մասին:
Օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի բարեփոխումը, տնտեսական զարգացումը այն ոլորտներն են, որոնք մենք կշարունակենք թիրախավորել մեր օգնության տրամադրման ընթացքում:
Կարծում եմ, կարևոր է, որ մենք աշխատում ենք վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հետ՝ փորձելով օգնել հաջողությամբ իրականացնել ներկա կառավարության ծրագրերը ի նպաստ ողջ հայության:
Հարց՝ Իսկ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի իրականացումը: Բավարարված եք արդյո՞ք կատարած աշխատանքով:
Բ.Բ.՝ Ես շատ տպավորված եմ այն հաջողություններով, որոնք գրանցել ենք Հայաստանում: Մենք ունենք հիանալի թիմ այնտեղ: Առաքելության ղեկավար Դեբորահ Գրիզերը իր թիմի հետ փայլուն աշխատանք է կատարում: Շատ ոգևորված ենք նրանց աշխատանքով:
Ինչպես ես նշել եմ նախկինում, հնարավորություն ունեցա այցելել ոչ միայն Երևան, այլև Հայաստանի այլ մարզեր ևս և տեսնել այն հսկա աշխատանքը, որը մենք անում ենք: Շատ տպավորված եմ գրանցված արդյունքներով:
Հարց՝ ԱՄՆ Հայաստանին տրամադրվող օգնությունը հասնում է մեկ միլիարդ դոլարի՝ Միացյալ Նահանգանգները Հայաստանին ամենամեծ օգնություն տրամադրող երկիրն է: Հայկական կողմը հաճախ բարձրաձայնում է հավելյալ օգնության հարցը, և այդ տեսանկյունից հաճախ հնչում է Վրաստանին կամ Ուկրաինային տրամադրվող ավելի մեծ օգնությունը՝ հաշվի առնելով այս երկրների գրանցած առաջընթացը ժողովրդավարության հաստատման գործում: Ի՞նչ կասեք այս առիթով և մի փոքր մանրամասնեք, խնդրում եմ, այդ երկրների ծրագրերի մասին:
Բ.Բ.՝ Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես նշեցիք շուրջ 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրվել Հայաստանին 1992 թվականից ի վեր, իսկ 2015 թ-ից օգնությունը կրկնապատկվել է: Մենք գիտակցում ենք Հայաստանի հետ մեր գործընկերային հարաբերությունների կարևորությունը և հաջողությամբ կշարունակենք դրանք ՝ աջակցելով Հայաստանի առաջնահերթություններին
Ես կարծում եմ, որ անկախ նրանից Երևանում ես, Թբիլիսիում, թե տարածաշրջանի այլ երկրում տնտեսական զարգացմանն ուղված նախաձեռնություններն առաջնային են և կարևոր մեր ծրագրերում, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օգնենք հնարավորություններ ստեղծել հաջորդ սերունդների համար:
Նշեմ, որ շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքը մեր տնտեսական զարգացման նախագծերում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում, որպեսզի վստահ լինենք, որ կարող ենք ստեղծել լավ վարձատրվող աշխատատեղեր:
Երկրորդ, օրենքի գերակայությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, դատական համակարգի բարեփոխումը այս ամենը ժողովրդավարության հիմնարար հիմքերն են:
Բացի այդ, նշենք քաղաքացիական հասարակության զարգացումը: Ինչպես նշել եմ այս պաշտոնը ստանձնելուց հետո, հնարավոր չէ ունենալ ծաղկուն ժողովրդավարություն՝ չունենալով ծաղկուն քաղաքացիական հասարակություն: Սա ևս մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում ամբողջ տարածաշրջանում:
Հարց՝ Վերջերս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նախաձեռնեց Կրեմլի ու ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը հակազդելու նախագիծ: Հայաստանը հետխորդային երկիր է, որը մի շարք տնտեսական և անվտանգության ոլորտի մարտահրավերների պատճառով զգալիորեն գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո: Արդյո՞ք նախատեսվում են վերոհիշյլա նախագծի շրջանակում որևէ ծրագրեր Հայաստանում:
Բ.Բ.՝ Կրեմլի քարոզչությանը և ապատեղեկատվությանը հակադրվելը նախ և առաջ ընտրություն չէ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Դա ընտրություն է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, դա ընտրություն է, մարդկանց իրենց ապագան որոշելու իրավունքի և անհատի կողմից իրենց ապագան որոշելու միջև: Կարծում եմ, կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, որ մենք չենք խոսում մեկն ի հաշիվ մյուսի ընտրելու մասին:
Սա ընտրություն չէ երկուսի միջև: Սա ձեր սեփական ուղին որոշելու, ձեր սեփական ճանապարհը ուրվագծելու ընտրություն է: Ընկալման հարց է, թե ինչ է նշանակում ապրել ժողովրդավարության մեջ և լինել ներգրավված քաղաքացի յուրաքանչյուր համայնքում: Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր ժողովրդավարություններին: Մարդկանց պարտականությունն է մասնակցել գործընթացին և լինել ներգրավված ու օգնել որոշելու սեփական ապագան:
Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում ժողովրդավարությունը: Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում ապրել ժողովրդավարության պայմաններում: Եվ մենք խոսում ենք ապատեղեկատվության նման վատ երևույթների, օրենքի գերակայության, էներգետիկ անկախության և այլ նման հարցերի մասին:
Երբ ես խոսում եմ էներգետիկ անկախության մասին, ապա նորից խոսքը չի գնում, թե արդյոք այն գոյություն ունի, թե ոչ: Էներգետիկ մի միջոցից օգտվելը մյուսի փոխարեն սեփական որոշումն է, երբ խոսքը գնում է տնտեսական զարգացման մասին:
Կրկին՝ անձնական որոշման հարց է, թե ինչ ճանապարհով եք ուզում առաջ գնալ: Կարծում եմ, որ կարևոր է գիտակցել, որ սա մի կողմի կամ մյուս կողմի ընտրության հարց չէ:
Հարց՝ Այս քարոզչության ոլորտում մեծ դեր են խաղում լրատվամիջոցները: Ի՞նչ ծրագրեր ունեք ազատ մամուլի կայացման համար:
Բ.Բ.՝ Կարծում եմ, որ մեզ միշտ հետաքրքրում է ոչ թե պարզապես լրատվամիջոցներն, այլ տեղեկատվությունը:
Պետք է վստահ լինել, որ մարդիկ հասկանում են, թե ինչ է նշանակում ժողովրդավարությունն ու տեղեկացված լինելը ժողովրդավար հասարակությունում՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։
Հարց՝ Այսօր օրակարգային կարևոր թեմաներից է ԱՄՆ-ի վարչակազմի ցանկությունը կրճատել արտաքին օժանդակությունը: Ի՞նչ կասեք այս առիթով և որքանով դա կանդրադառնա Հայաստանի օգնության վրա:
Բ.Բ.՝ Մեր ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել:
Սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան կրկնապատել ենք մեր ֆինանսավորումը: Մենք հասկանում ենք այն կարևոր հարաբերությունները, որն ԱՄՆ-ն ունի Հայաստանի հետ:
Ինչպես ասացի, ես առանձնահատուկ անձնական կապեր ունեմ Հայաստանի հետ դեռևս Ռոդ Այլենդ նահանգում իմ գործունեությունից, ուր առկա է շատ ուժեղ և ակտիվ ամերիկահայ սփյուռք, որի ներկայացուցիչներից շատերը հասարակության մեջ կարևոր դիրք են զբաղեցնում, ակտիվ ներգրավված են հանրային ծառայությունների ոլորտոմ:
Կարևոր է մատնանշել, որ ոչ միայն Հայաստանը, այլև հայկական սփյուռքն է ժողովրդավարության կարևոր մաս: Եվ ես նաև ուզում եմ նշել մի բան, որի մասին չեմ խոսել՝ հաջորդ սերունդի առաջնորդների ձեւավորման կարևորության մասին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը համոզված է, որ պետք է ներգրավել երիտասարդությանը ոչ միայն ժողովրդավարության և կառավարման ոլորտներում կամ տնտեսական զարգացման ու էներգետիկ անկախության հարցերում, այլ բոլոր ասպարեզներում:
Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի ազդեցություն կունենան հաջորդ սերունդի առաջնորդների որոշումները ժողովրդավարության վրա և ինչպես կանդրադառնան դրանք մեր երկրների վրա:
Հարց՝ Ցանկանու՞մ եք որևէ բան ավելացնել:
Բ.Բ. ՝ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ինձ այստեղ և հնարավորություն ընձեռեցիք խոսել այն աշխատանքի մասին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Ես շատ ոգևորված եմ մեր կատարած աշխատանքով և այն հաջողություններով, որ գրանցել ենք: Անհամբերությամբ սպասում եմ իմ վերադառձին Հայաստան:
Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունները, որ Միացյալ Նահանգներն ունեն, շարունակական ջանքեր են պահանջում, և մենք կշարունակենք ամրացնել դրանք և աջակցել դրանց զարգացմանը:
Հարց՝ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: