Անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությամբ ընդունված 114 բանաձեւերի շուրջ Հայաստանի քվեարկությունն ավելի հաճախ համընկել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի, քան՝ ԱՄՆ-ի հետ: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի պաշտոնական էջում տեղադրված Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւերի շուրջ քվեարկությունների արխիվը:
Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 114-ից 76 բանաձեւի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը հակառակ են քվեարկել 114-ից միայն 2 բանաձեւի շուրջ:
Հայաստանն ու Վրաստանը նույն կերպ են քվեարկել 114-ից 75 բանաձեւի շուրջ: Հայաստանն ու Վրաստանը հակառակ են քվեարկել 114-ից 10 բանաձեւի շուրջ:
Հայաստանն ու Ռուսաստանը նույն կերպ են քվեարկել 114-ից 7 բանաձեւի շուրջ: Հայաստանն ու Ռուսաստանը հակառակ են քվեարկել 114-ից միայն 5 բանաձեւի շուրջ:
Հայաստանն ու ԱՄՆ-ը նույն կերպ են քվեարկել 114-ից 17 բանաձեւի շուրջ: Հայաստանն ու ԱՄՆ-ը հակառակ են քվեարկել 114-ից 59 բանաձեւի շուրջ:
Հայաստանն ու Թուրքիան նույն կերպ են քվեարկել 114-ից 69 բանաձեւի շուրջ: Հայաստանն ու Թուրքիան հակառակ են քվեարկել 114-ից 9 բանաձեւի շուրջ:
Հատկանշական է Հայաստանի քվեարկությունը որոշ կարեւոր բանաձեւերի շուրջ.
«Աբխազիայի, Վրաստանի եւ Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւի քվեարկությանը, որին Վրաստանն, Ադրբեջանն ու ԱՄՆ-ը կողմ էին քվեարկել, իսկ Ռուսաստանը՝ դեմ, Հայաստանը չի մասնակցել: Հատկանշական է, որ 2018-ի ամռանը Հայաստանը նույն բանաձեւի քվեարկության ընթացքում միացել էր Ռուսաստանին՝ հակադրվելով Վրաստանին, Ադրբեջանին ու ԱՄՆ-ին:
Մյանմարում մարդու իրավունքների հարցին վերաբերող բանաձեւին Հայաստանը, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի հետ միասին կողմ է քվեարկել, մինչդեռ Ռուսաստանը դրան դեմ էր:
Ղրիմում եւ Սեւաստոպոլում մարդու իրավունքների հարցին անդրադարձող բանաձեւին, Հայաստանը Ռուսաստանին միանալով, դեմ է քվեարկել, մինչդեռ Ադրբեջանը քվեարկությանը հրաժարվել է մասնակցել, իսկ Վրաստանն ու ԱՄՆ-ը կողմ են քվեարկել: Բանաձեւը մասնավորապես փաստում է, որ Ռուսաստանի Դաշնությունն ապօրինի կերպով եւ ուժի միջոցով բռնակցել է Ղրիմը։ Այն մտահոգություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ այս տարածքի մասին 2014 թվականից ի վեր ստացված զեկույցների համաձայն, «Ռուսաստանի իշխանությունները խոշտանգումների միջոցով կեղծ ցուցմունք են ձեռք բերել քաղաքական նկատառումներով մեղադրանքների գործում»: Նույն կերպ են երկրները քվեարկել նաեւ Ղրիմի եւ Սեւաստոպոլի ռազմականացումը քննադատող բանաձեւին:
Առցանց ոլորտում պետության պատասխանատվության մասին կարեւոր բանաձեւի հարցում Հայաստանը միավորվել է թե՛ հարեւան Ադրբեջանի, Վրաստանի եւ թե՛ Միացյալ Նահանգների հետ, մինչդեռ Ռուսաստանը բանաձեւին դեմ է քվեարկել: Բանաձեւը մասնավորապես կարեւորում է պետության պատասխանատվությունն իր տարածքում նոր տեխնոլոգիաների ոլորտում զարգացումների համար եւ կոչ անում բոլոր պետություններին խորհրդակցություններ անցկացնել տեղեկատվական անվտանգությունն ապահովելու նպատակով:
Իրանում մարդու իրավունքներին անդրադարձող բանաձեւի վերաբերյալ Հայաստանն, ինչպեսեւ Ռուսաստանը, ՄԱԿ-ում դեմ են քվեարկել, Միացյալ Նահանգները՝ կողմ, մինչդեռ Վրաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան քվեարկությանը չեն մասնակցել:
Հատկանշական է, որ որոշ հարցերում Հարավային Կովկասի ամբողջ շրջանը քվեարկում է միանման, նույնիսկ եթե այդ քվեին դեմ են թե՛ ԱՄՆ-ը, եւ թե՛ Ռուսաստանը: Այսպես, միջուկային զենքերի ի սպառ վերացմանն ու միջուկային զենքերի համակարգերի կրճատմանն ուղղված բանաձեւերի հարցում Հարավային Կովկասի երեք երկրներն էլ կողմ են քվեարկել, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը՝ դեմ: Նույն կերպ է տարածաշրջանը միավորվել շրջակա միջավայրի գլոբալ գործոններին վերաբերող բանաձեւի քվեարկության ժամանակ:
Եթե Աֆղանստանի իրավիճակին վերաբերող բանաձեւի հարցում Հայաստանի քվեն համընկել է Միացյալ Նահանգների հետ եւ հակադրվել է Ռուսաստանին, ապա Սիրիայի եւ Լիբանանի հարցերին վերաբերող բանաձեւերի դեպքում իրավիճակը հակառակն է. Հայաստանի եւ Ռուսաստանի քվեները համընկնում են՝ հակադրվելով ԱՄՆ-ին: