՝՝Ատելությունը հարկավոր է սպանել իր բռնած ճանապարհի սկզբին՛՛

Այսօր, երբ ԱՄՆ-ի Էլ Փասո եւ Դեյթոն քաղաքներում ողբում են իրականացված սպանդների 31 զոհերի հիշատակը, մասնագիտական տարբեր խմբեր քննարկում են այն հարցը, թե որն է նման հարձակումների գլխավոր պատճառը եւ թե ինչ պիտի արվի այդ պատճառները վերացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից մեկը երկար ժամանակ է կատարում ինտերնետում ատելության վրա հենված խոսքի ու համակարգչային խաղերի ուսումնասիրություններ։ Կան խաղեր, որոնց ժամանակ խաղի մասնակիցը պիտի կրակի սահմանն անցնողներին, խաղեր որտեղ պատկերված են հրեական դիակիզարաններ։ Կան խաղեր, որոնք խրախուսում են ներգաղթյալների, հրեաների, աֆրոամերիկացիների ու մահմեդականների դեմ ատելության հողի վրա հենված հանցագործությունները։

Սայմոն Վիզենթհալի կենտրոնի թանգարանում ցուցադրված են զոհերի ու հարձակումներից փրկված անձանց դեմքերը։ Չկան սպիտակամորթ ազգայնամոլների ու ռասիստների դեմքերով նկարներ։ Չէ որ նման հանցագործություններ իրականացնողները երբեմն ոգեշնչվում են հենց պատկերներով եւ ինտերնետի միջոցով։

Էլ Փասոյում հրազենային հարձակումն իրականացնողն ինտերնետ էր վերբեռնել ատելության հողի վրա կազմված մի մանիֆեստ։ 8Chan կայքում են նման մանիֆեստներ վերբեռնել վերջին երեք զանգվածային սպանություններն իրականացնողները։ Կայքի տեխնիկական մատակարարները դադարեցրել են կայքի գոյությունը։

Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը դատապարտեց սպիտակամորթ ազգայնամոլությունը։ Ողջունելով նրա այս հայտարարությունը՝ ռաբբի Աբրահամ Քուուփերն ասում է, թե հիմա հարկավոր է տեսնել, թե Թրամփը, ում շատերն են մեղադրում ատելություն սերմանող գրառումներ կատարելու մեջ, ինչպես կփոխի թվիթերյան իր գրառումների ոճը։
Նա կոչ է անում, որ Թրամփն ու դեմոկրատներն այժմ մեղմեն իրենց խոսքի տոնայնությունը։ ՝՝Հատկապես նախընտրական այս ժամանակահատվածում է կարեւոր հրադադարի հաստատումը՛՛, ասում է նա։

Հարկավոր է նաեւ փոփոխություն սոցիալական ցանցերում, որպեսզի արգելվի ու կասեցվի ատելության հողի վրա հենված յուրաքանչյուր մեկնաբանություն ու կոչ։


Երիտասարդ Ադոլֆ Հիտլերի կողմից տպագրված պատմական մի նամակ, որը ցուցադրված է թանգարանում, ցույց է տալիս, թե ուր կարող է հասնել ատելությունը, եթե այդ ատելությանը չսպանեն հենց ճանապարհի սկզբին։