Հյուսիսային Կորեան մոտ նշանառության բալիստիկ երկու հրթիռ է արձակել չորեքշաբթի օրը։ Սա անցնող մեկ շաբաթվա ընթացքում Հյուսիսի կողմից իրականացված երկրորդ փորձարկումն էր, երբ միջուկային հարցերով բանակցությունները շարունակում են մնալ փակուղային իրավիճակում։
Երկրի արեւելյալ ափին գտնվող Վոնսան նավահանգստային քաղաքի մոտից արձակված հրթիռները իրականացրել են 3Օ կիլոմետր բարձրությամբ 25Օ կիլոմետր թռիչք։
Այս փորձարկումից ընդամենը վեց օր առաջ էր Հյուսիսային Կորեան իրականացրել բալիստիկ մեկ այլ հրթիռի փորձարկում, որը ըստ Փհենյանի, իրականացվել էր ԱՄՆ-ից զենք գնելու ու ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Հարավային Կորեայի որոշմանն ի պատասխան։
Ինչպես Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն է հաղորդում, վերջին երկու հրթիռները եղել են նախորդ շաբաթ արձակված հրթիռի տիպի։ Հարավի Ազգային անվտանգության խորհուրդն անցկացրել է արտակարգ հանդիպում եւ թռիչքի կապակցությամբ՝ արտահայտել ՝՝մեծ մտահոգություն՛՛։ Ըստ անվտանգության խորհրդի, այն կարող է ՝՝բացասական հետեւանքներ՛՛ թողնել Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու ջանքերի վրա։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ձգտում է ազատվել իր նկատմամբ հաստատված պատժամիջոցներից ու ստանալ երաշխիքներ ԱՄՆ-ից՝ փոխարենը տալով միջուկային իր ծրագրից աստիճանաբար հրաժարվելու խոստումներ։
Թրամփի վարչակազմը դժկամություն է ցուցաբերում Հյուսիսի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները մեղմելու հարցում՝ դրա համար պահանջելով, որ վերջինս ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենքերի իր ծրագրից։