Հակակոռուպցիոն ռազմավարությունն իր մեջ բազմաթիվ քայլեր կարող է պարունակել՝ կոռուպցիոն գործերը հետաքննող մարմնից մինչեւ մասնագիտացված դատարան ստեղծելու հնարավորությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն.
«Հայաստանի առջեւ այստեղ հնարավորությունների լայն շրջանակ է բացվում»:
Մասնագետի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարն իր մեջ անպայման ներառում է քաղաքական որոշում՝ երկրի քաղաքական իշխանությունը պետք է որոշում ընդունի՝ որ չափի կամ ժամկետի կոռուպցիոն գործերը կարող են ներվել, օրինակ՝ փոխհատուցման պայմանով, եւ այդ դեպքում ներում ստացած մարդիկ պետք է հնարավորություն ստանան հանգիստ գործելու.
«Սակայն, անշուշտ կլինեն մի շարք գործեր, որոնք կորոշվի լիարժեք բացահայտել: Դա կարող է լինել ուղերձ սեփական հասարակությանը կամ միջազգային հանրությանը, որ կոռուպցիան այլեւս տեղ չպետք է ունենա կառավարման համակարգում»:
Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան իր կողմից ավելացնում է՝ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել պետական համակարգում եղած կոռուպցիոն մշակույթը.
«Դու կարող ես փոխել դատավորներին, դատախազներին, պետական պաշտոնյաներին, սակայն, եթե կոռուպցիոն մշակույթը չվերանա, այն ուշ թե շուտ կարող է վերադառնալ»:
Նորվեգիայում գործող հայտնի U4 հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Սոֆի Արյոն Շուեթեն ավելացնում է հատուկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման առավելությունները երեքն են՝ այն ապահովում է նեղ մասնագիտացված փորձագետների առկայություն, ովքեր կարող են ավելի արագ քննել բարդ կոռուպցիոն գործերը եւ հին համակարգի մասը չեն հանդիսանում, որը կարեւոր է երկրի դատական համակարգի անաչառության վերաբերյալ կասկածների պայմաններում: Այնուամենայնիվ, նման մարմին ձեւավորելուց առաջ անհրաժեշտ է հստակ նախագծել դրա լիազորությունները, կազմը եւ գործունեության հետ կապված բոլոր հարցերը.
«Կոռուպցիոն գործերում ամբաստանյալները հաճախ՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով կարող են վարձել արհեստավարժ դատապաշտպանների, որոնք եւ կկարողանան կառուցել ամուր պաշտպանություն, փորձելովո նաեւ թուլացնել մեղադրանքը այն փաստարկով, որ իրենց պաշտպանյալի գործը հետաքննվում է գործող դատաիրավական համակարգի շրջանակներից դուրս, այսինքն չակերտավոր անկախ մարմին հանդիսացող կոռուպցիոն դատարանում»:
Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման բոլոր խնդիրների հետ մեկտեղ, դրա գործունեության համար կարեւորագույն նշանակություն ունի խելամիտ ակնկալիքների սահմանումը հասարակության շրջանում, քանի որ չափազանցված ակնկալիքների չիրականացումը բերում է հիասթափության եւ համակարգի նկատմամբ թերահավատության, հավաստում են փորձագետները։