Տիեզերքի ուսումնասիրության հարցում մարդկությանը զգալի օգուտ են տվել կենդանիները: 1952 թվականին ԱՄՆ տիեզերք ուղարկեց երկու կապիկների՝ Պատրիցիային ու Մայքին:
Նրանք առաջին կենդանիներն էին, որոնք հասան տիեզերք երկու սպիտակ մկների հետ միասին:
Այդ օրերին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև ընթանում էր մրցավազք տիեզերքի հետազոտման ոլորտում: Վերջիններս մրցում էին, թե որ տերությունն առաջինը «կնվաճեր» տիեզերքը:
1957 թվականին ԽՍՀՄ-ը առաջ է ընկնում՝ տիեզերք ուղարկելով Սպուտնիկ 1 արբանյակը: Այն դարձավ մարդու կողմից պատրաստված առաջին սարքը, որը մտավ երկրագնդի ուղեծիր։
Դրան հաջորդեց նույն տարվա նոյեմբերին Սպուտնիկ 2-ը, որտեղ գտնվում էր Լայկա անունը կրող շունը: Վերջինս սակայն մահացավ տիեզերք ուղևորվելու ընթացքում, քանի որ չէր մշակվել սարքը երկիր հետ վերադարձնելու ծրագիր։
Հետագայում խորհրդային իշխանությունները շարունակեցին փորձարկումները, որոնց ընթացքում կրկին օգտագործվում էին շներ: Դրանց մի հատվածին միայն հաջողվեց ողջ մնալ այս առաքելությունների ընթացքում:
Իր հերթին Explorer 1-ը դարձավ ամերիկյան առաջին արբանյակը, որը հաջողությամբ հասավ տիեզերք 1958 թվականի հունվարին: Նույն տարվա մայիսին ամերիկյան կողմը տիեզերք ուղարկեց երկու կապիկների՝ Էյբլին և Բեյքերին: Ավելի քան 400 կիլոմետր խորանալով տիեզերքում՝ արբանյակը բարեհաջող վերադարձավ հետ:
1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային իշխանությունները տիեզերք ուղարկեցին առաջին մարդուն՝ տիեզերագնաց Յուրի Գագարինին: Մեկ ամիս անց ամերիկյան կողմը տիեզերք գործուղեց Ալեն Շեփարդին:
Այդ նույն օրերին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի կարգադրությամբ աշխատանքներ տարվեցին տիեզերագնացներ Լուսին գործուղելու համար:
«Կարծում եմ, որ այս պետությունը պետք է այս տասնամյակում հասնի նրան, որ մարդը ոտք դնի Լուսնի վրա և անվտանգ վերադառնա Երկիր»,- հայտարարել էր Ջոն Քենեդին:
Լուսնի հետազոտության հարցում ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը շարունակեցին մրցավազքը՝ տարբեր առաքելություններ ուղարկելով այդ նպատակով տիեզերք:
1967 թ: հունվարի 27-ին ԱՄՆ-ին ցնցեց ողբերգական մի լուր. «Ապոլոն-1» - տիեզերանավի անձնակազմի մահվան մասին՝ տիեզերանավի խցիկում բռնկված հրդեհի պատճառով: Սակայն դա չկանգնեցրեց Լուսնի հետազոտման ուղղությամբ աշխատանքները:
1968 թ. դեկտեմբերին Ապոլոն 8 տիեզերանավի տիեզերագնացները հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը: Այս առաքելությունը համարվում է տիեզերագնացության ամենավտանգավոր առաքելություններից մեկը, որը դրեց Լուսնի մակերեւույթի վրա Ապոլոն 11-ի բարեհաջող վայրէջքի հիմքերը:
Դա տեղի ունեցավ 1969 թվականի հուլիսին, երբ Նեյլ Ամստրոնգ ու Բազ Օլդրին տիեզերագնացները ոտք դրեցին Լուսնի վրա։ Այս առաքելության հաջողությունը կարևոր էր այն առումով, որ առաջին անգամ մարդը ոտք դրեց երկրից դուրս գտնվող երկնային որեւէ մարմնի վրա: Բացի այդ քաղաքական առումով ԱՄՆ-ը առաջ անցավ իր մրցակից Խորհդային Միությունից, քանի որ առաջինը իրականացրեց այս առաքելությունը:
50 տարի առաջ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Նեյլ Ամստրոնգը ոտք դրեց Լուսնի վրա: Տիեզերքի հետազոտության հարցում մարդկությանը զգալի օգնություն են ցուցաբերել նաև կենդանիները, մասնավորապես մկները, շներն ու կապիկները, որոնք ճանապարհ են հարթել դեպի տիեզերք