Կոգրեսականներին ուղղված Թրամփի հայտարարությունը՝ քննադատության ներքո

ԱՄՆ-ի նախագահը հայտնվեց քննադատություններ ալիքի ներքո, երբ ոչ սպիտակամորթ մի քանի կոնգրեսականների հորդորեց հեռանալ ԱՄՆ-ից, եթե այստեղ իրենց երջանիկ չեն զգում։

՝՝Նրանք կատարում են ամենասարսափելի հայտարարություններն Իսրայելի ու մյուսների մասին։ Իրենց գործն է, կարող են անել այն, ինչ ուզում են։ Կարող են նաեւ հեռանալ այստեղից՛՛, ասել էր Թրամփը։
Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը հեռանալու մասին Թրամփի կոչը համարում է ՝՝անհեթեթություն՛՛, որի նպատակն է արթնացնել մարդկային որոշ բնազդներ, բաժանել ամերիկացիներին։ ՝՝Մի բան, որն անհարիր է նախագահի համար՛՛, ասում է նա։

Թրամփին քննադատողների շարքում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրություններում Թրամփի ներկայումս գլխավոր մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդընը։

՝՝Ամերիկայի պատմության մեջ չի եղել որեւէ նախագահ, որը լիներ այսչափ ռասիստ ու մասնատող՛՛, ասել է նա։
Որոշ հանրապետականներ նույնպես դատապարտում են Թրամփին։ Նրանցից սենատոր Միթ Ռոմնին ասում է, ՝՝հայտնվում ենք մեր ազգային ոգու համար կործանարար խառնաշփոթի մեջ՛՛։
Հանրապետականների մեծ մասը սակայն կամ պաշտպանում է Թրամփին, կամ՝ պահպանում լռություն։ Սենատի հանրապետական ղեկավար Միթչ Մաքքոնելը կոչ է անում, որ քաղաքական գործիչներն իրենց հեռու պահեն հռետորաբանությունից։

Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Ալեքսանդրա Օկասիո Քորթեզը, որը նախագահի թիրախում հայտնված չորս օրենսդիրներից մեկն է, հորդորում է ամերիկացիներին ՝՝նախագահի հարձակումների արդյունքում չշեղվել ճիշտ ուղուց՛՛։

Իսկ նախագահի ու դեմոկրատների միջեւ վերջին այս ընդհարումը գուցե արդեն հանդես է գալիս որպես հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունների ներածական։