Հայաստանը շարժում է ճիշտ ուղղությամբ, ասում է Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների 60 տոկոսը: Հարցումը իրականացվել է 2019 թվականի մայիսին, որին մասնակցել է Հայաստանի տարբեր շրջաններից շուրջ 1200 բնակիչ:
Հարցման տվյալների համաձայն Հայաստանի վարչապետի աշխատակազմի աշխատանքը դրական են գնահատում հարցման մասնակիցների 72 տոկոսը, իսկ Հայաստանի կառավարությունում ընթացող փոփոխություններին դրական են վերաբերվում հարցման ենթարկվածների 69 տոկոսը: Ի համեմատ անցյալ տարվա հոկտեմբերի հարցման այս թիվը նվազել է 13 տոկոսով:
Հայաստանում ամենավստահելի պետական ինստիտուտը, ըստ հետազոտության, նախագահի գրասենյակն է, որին վստահում է հարցման ենթարկվածների 82 տոկոսը: Դրան հաջորդում է բանակը՝ 80 տոկոսով և վարչապետի աշխատակազմը՝ 72 տոկոսով: Չորրորդ տեղում է Հայ Առաքելական Եկեղեցին` 71 տոկոս վստահության քվեով:
Հարցումն անդրադարձել է Հայաստանի տնտեսական և քաղաքական իրադրությանը: Քաղաքական դաշտում շարունակում է գերիշխել «Իմ քայլը» դաշինքը, որը վայելում է 59 տոկոսի վստահություն: Իշխող քաղաքական ուժին են հաջորդում Բարգավաճ Հայաստանը, Հանրապետական կուսակցությունն ու Լուսավոր Հայաստանը: Հարցվողների շուրջ 56 տոկոսը հրաժարվել են երբևէ իրենց ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը, 23 տոկոսը՝ ՀՅԴ-ին, իսկ 12 տոկոսը՝ Լուսավոր Հայաստանին:
Որպես կառավարության ամենամեծ նվաճում հարցման ենթարկվածների մեծամասնությունը մատնանշել է կոռուպցիայի նվազումը, իսկ ամենամեծ ձախողումը՝վատ կառավարումը: 59 տոկոսը բավարարված է կառավարության ջանքերով կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: 31 տոկոսի կարծիքով կառավարությունն այս ուղղությամբ պետք է հավելյալ ջանքեր գործադրի:
Սոցիալ-տնտեսական առաջնային խնդիրն է գործազրկությունը, գտնում է հարցվողների 37 տոկոսը, որին հաջորդում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ու աղքատությունը: Առօրյա անմիջական կարևորագույն խնդիրներից է աղբահանության պրոբլեմը: Հարցման մասնակիցների 21 տոկոսը այն համարում է գործազրկությանը հավասար հիմնախնդիր: Հայաստանի ընտանիքների մատնանշած սոցիալական առաջին երեք հիմնական խնդիրներն են ֆինանսական միջոցների պակասը, գործազրկությունն ու առողջական խնդիրները:
Հայաստանի բնակչությանն ամենաշատը մտահոգում է պատերազմի վերսկսման հավանականությունը, որին անդրադարձել են հարցման ենթարկվածների 34 տոկոսը: Ղարաբաղյան հակամարտությունն ու ազգային անվտանգության հետ կապված խնդիրները մյուս երկու ամենամտահոգիչ հարցերն են:
Ըստ հարցման արդյունքների, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են դիտարկվել որպես արտաքին ամենամեծ սպառնալիք՝ 85 և 76 տոկոս արդյունքներով: Ամենակարևոր քաղաքական գործընկերն է Ռուսաստանը՝ 78 տոկոս վստահությամբ: Դրա հետ մեկտեղ հարցվողների 12 տոկոսը Ռուսաստանը համարում է սպառնալիք: Իր հերթին ԱՄՆ-ը համարում են ամենակարևոր գործընկեր հարցվողների 27 տոկոսը, իսկ որպես սպառնալիք այն դիտարկվում է միայն 8 տոկոսի կողմից:
Արտաքին տնտեսական հարաբերությունների առումով հարցման ենթարկվածների 65 տոկոսը Թուրքիան դիտարկում է որպես Հայաստանի ամենամեծ տնտեսական սպառնալիք, իսկ որպես ամենակարևոր տնտեսական գործընկեր նշվում է Ռուսաստանը՝ 62 տոկոս վստահությամբ: Հարցվողների 18 տոկոսը սակայն այն հակված է դիտարկել որպես տնտեսական սպառնալիք:
Տնտեսական հարաբերությունների առումով ԱՄՆ-ին վստահում են հարցվողների 15 տոկոսը: 5 տոկոսը ի դեմս Միացյալ Նահանգների տեսնում են տնտեսական սպառնալիք: