Ուսանողների բողոք Թուրքիայում՝ երբ էկոլոգիան եւ քաղաքականությունը միախառնվում են

Անկարայի Մերձարեւելյան տեխնիկական համալսարանի ուսանողների էկոլոգիայի պահպանությանը նվիրված բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների, որի ընթացքում իրավապահները ուժի եւ արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին: Ուսանողները բողոքում էին Թուրքիայի իշխանությունների նախաձեռնության դեմ, որը նախատեսել էր հատել համալսարանի տարածքում աճող կեսդարյա կեռասները՝ տեղում նոր ուսանողական հանրակացարան կառուցելու նպատակով:

Գրեթե մեկ ամիս ուսանողներին հաջողվում էր արգելափակել շինարարական տեխնիկայի մուտքը, սակայն երկուշաբթի բիրտ ուժի միջոցով ուսանողներին ցրելուց հետո տարածքն արգելափակվել է եւ սկսվել են ծառահատումները: Համալսարանը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ կտրվելու է 750 ծառ: Այժմ համալսարանի տարածք մուտքն արգելափակված է՝ ոստիկանությունը թույլ չի տալիս քաղաքային իշխանություններին եւ ընդդիմադիր խորհրդարանականներին մուտք գործել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Հատկանշական է, որ շրջակա միջավայրի պահպանումից բացի վեճի առարկան ունի նաեւ քաղաքական բովանդակություն: Բանն այն է, որ Թուրքիայում խոշորագույնը հանդիսացող Անկարայի Մերձարեւելյան տեխնիկական համալսարանի բոլոր կառույցները կառավարում է համալսարանը, մինչդեռ ուսանողական նոր հանրակացարանը կառավարվելու է ուղղակիորեն երկրի կառավարության կողմից, որի համար ծրագիրը ստացել է ուսանողների շրջանում «Տրոյական ձի» անվանումը: