Չինաստանը պնդում է, որ համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ը նախ պետք է հրաժարվի հավելյալ սակագներից

Your browser doesn’t support HTML5

Չինաստանից ներկրումների վրա ԱՄՆ-ի կողմից հաստատված հավելյալ սակագները պետք է հանվեն, որպեսզի հնարավոր լինի հասնել առեւտրի շուրջ համաձայնության։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության խոսնակը։ Նրա խոսքերով, այժմ կապ է հաստատված երկու երկրների բանակցային խմբերի միջեւ, որոնք քննարկում են տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների շուրջ հանդիպումներ անցկացնելու հարցը։

՝՝Չինաստանը միշտ է եղել այն կարծիքին, որ սակագները վնասում են այն երկրին, որի նկատմամբ հասատված են սակագները, ինչը վերջին հաշվով վնաս է հասցնում նաեւ սակագինը հաստատող կողմին։ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ սակագնային այս խնդիրն անորոշություն կարող է պատճառել ու նույնիսկ տնտեսական անկում առաջ բերել համաշխարհային տնտեսությունում՛՛, ասել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային հարցում հակասություններ առաջ եկան, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն հավելյալ սակագներ սահմանեց Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։ Սակայն, եթե առեւտրային գործարք կայացվի երկու երկրների միջեւ, հավելյալ բոլոր սակագները կհանվեն։ ՝՝Չինաստանի վերաբերմունքն այս հարցում միշտ էլ եղել է հստակ՛՛, ասել է Չինաստանի առեւտրի նախարարության խոսնակը։

Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահները Ճապոնիայի Օսակա քաղաքում Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ անցյալ շաբաթավերջին եկել էին առեւտրային հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու պայմանների մասին համաձայնության։ Վերջին բանակցությունները փակուղում էին հայտնվել մայիս ամսին։