Սփյուռքի ներգրավվածությունը նոր Հայաստանի կյանքում մեծանալու է, կանխատեսում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Նրա խոսքով, եթե նախկին տարիներին Սփյուռքը հիմնականում զբաղված էր միայն Հայաստանի սահմաններից դուրս հայկական պետության շահերը պաշտպանելու հարցով, ապա այժմ իրավիճակը կարող է փոքր-ինչ փոխվել.
«Կտեսնեք, թե ինչպես են սփյուռքահայերն ավելի ակտիվ ներգրավվում Հայաստանի զարգացման գործում»:
Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում այդ ուղղությամբ դրական քայլերից մեկն է, նշում է Համբարյանը:
«Թավշյա Հեղափոխությունը» նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար իրենց պատմական հայրենիքի ապագայի կերտմանը ավելի ակտիվ մասնակցություն ունենալու գործում, համոզված է ամերիկահայ գործարար եւ բարերար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը: Նրա խոսքով, հատկապես կարեւոր է Սփյուռքի երիտասարդների ներգրավումը Հայաստանի կյանքում.
«Երիտասարդներին պետք է ցույց տանք, թե ապագան ինչպես կարող է փոխվել դեպի լավը իրենց մասնակցությամբ եւ, որ ապագային Սփյուռքի հայերս պատրաստ ենք, որովհետեւ իբրեւ երկիր այժմ Հայաստանն ավելի պայծառ ապագա ունի»:
Հայաստանի մանուկներ հիմնադրամը յուրաքանչյուր տարի Նյու Յորքում կազմակերպում է միջոցառում, որի նպատակն է՝ բարձրացնել ԱՄՆ-ի հայազգի երիտասարդների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, աջակցել նրանց կողմից Հայաստանում կամավոր աշխատանքի կատարմանը:
Հայաստանի կառավարությունն այսօր լուրջ աշխատանք է իրականացնում արտերկրում բնակվող հայերին ներգրավելու համար, որը կարեւոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի թե՛ Սփյուռքի ապագայի համար, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին.
«Հաշվի առնելով ժողովրդավարական փոփոխությունները, մարդկանց համար Հայաստանի կյանքում ներգրավվելու բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում»:
Արդունիի խոսքով, այսօրվա Հայաստանում Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է գտնել իր տեղը, լինի դա երիտասարդ ուսանող, միջին տարիքի գործարար ու մասնագետ, թե թոշակի անցած քաղաքացի: Ոչ պակաս կարեւոր են Հայաստան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների այցերը, համոզված է Արդունին: Նրա խոսքով, Ամերիկայի հայկական համագումարը խթանելու է նաեւ այդ կարգի այցերը: