Կոնգրեսական Ֆրենք Փալոնը ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան ՝՝Ռազմավարական գործընկերությունը՛՛ ողջունող բանաձեւ

Կոնգրեսական Ֆրենք Փալոնը ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան ՝՝Ռազմավարական գործընկերությունը՛՛ ողջունող բանաձեւ

Բանաձեւը կոչ է անում իրականացնել բարձր մակարդակի այցելություններ, պաշտպանության բնագավառում անցկացնել քննարկումներ, զարկ տալ առեւտրին ու ներդրումներին։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր ու համանախագահ Փալոնի ներկայացրած բանաձեւը ողջունում է Հայաստանում 2Օ18 թվականին խաղաղ քաղաքական անցումը, ԱՄՆ-Հայաստան ՝՝ռազմավարական գործընկերությունը՛՛ եւ կոչ անում զարկ տալ քաղաքական, տնտեսական, ռազմական երկկողմ համագործակցությանը։

Բանաձեւը ներկայացնելու գործում, ինչպես Ամերիկայի հայ դատի հանձնախումբն է տեղեկացնում, Փալոնին են միացել հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Գուս Բիլիրակիսը եւ Ջեքի Սպիըրը, ինչպես նաեւ փոխնախագահներ Փիթըր Քինգն ու Ադամ Շիֆը։

՝՝Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում սկսված փոքր շարժումը վերածվեց ոչ բռնի ՝՝Թավշյա հեղափոխության՛՛ , որին հաջորդեցին համընդհանուր ազատ ընտրությունները։ Այս պատմական իրադարձությունները ժողովրդավարության նկատմամբ Հայաստանի ժողովրդի հավատարմության վկայությունն են, ինչը ցույց է տալիս, թե ինչու է հարկավոր, որ Միացյալ Նահանգներն ակտիվացնի Փաշինյանի կառավարության հետ շփումները՛՛, ասել է կոնգրեսական Փալոնը։

՝՝Հայաստանը ներկայումս գտնվում է վճռական մի փուլում, որտեղ ԱՄՆ-ի աջակցությունը կարող է օժանդակել այստեղ ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության հաստատությունների աճին՛՛, ասել է կոնգրեսականը՝ խոստանալով աշխատանքներ ծավալել հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամների ու Կոնգրեսի ղեկավարների հետ, որպեսզի բանաձեւն ընդունվի օրենսդիր մարմնում։

Բանաձեւի տեքստը սկսվում է Հայաստանի Առաջին ու Երկրորդ Հանրապետությունների պատմությանն առնչվող հատվածով ու անցում կատարում դեպի 2Օ18 թվականի հեղափոխությունը։ ՝՝Մոտ 1ՕՕ տարի առաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելուց ի վեր երկու երկրների միջեւ հաստատվել ու շարունակվել է երկկողմ քաղաքական, տնտեսական ու ռազմավարական գործընկերությունը՛՛, ասված է բանաձեւի առաջին հատվածում, որտեղ նշվում է նաեւ համաշխարհային խաղաղության գործում Հայաստանի ու ԱՄՆ-ի միանման դիրքերի մասին։ Կոնգրեսականը անդրադառնում է Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում, Կոսովոյում եւ Մալիում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ ուժերում Հայաստանի մասնակցության փաստին։

Բանաձեւի տեքստում նշվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ՝՝Հայաստանի կառուցողական մասնակցության՛՛ մասին, անդրադարձ կատարվում ՝՝օգնությունից առեւտուր՛՛ անցում կատարելու հարցում ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը։

՝՝Հայաստանի կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու գործում ԱՄՆ-ի աջակցությունը թույլ կտա զարգացնել երկու երկրների միջեւ պատմական բարեկամական կապերը՛՛, ասված է տեքստի առաջին հատվածում։

Եզրափակիչ հատվածում կոչ է արվում, որ ԱՄՆ-ը ղեկավար դեր ստանձնի Հայաստանին օգնելու հարցում, ՝՝որպեսզի ժողովուրդը կարողանա ամրապնդել գրանցված առաջընթացը, ինչի համար հարկավոր է զարկ տալ երկկողմ այցերին, պաշտպանության բնագավառում՝ քննարկումներին, միջազգային խաղաղապահ գործողություններում՝ Հայաստանի մասնակցությանը, առեւտրի ու ներդրումների բնագավառում՝ աճին, աջակցել քաղաքական կուսակցությունների զարգացմանը, թափանցիկությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ մամուլի ազատությանը՛՛։