Ազատ մամուլը ոտքի է ելել Ռուսաստանում

Վերջին շրջանը ռուսական մամուլի համար աչքի ընկավ աննախադեպ ու հետաքրքրիր զարգացումներով, ի դեմս Իվան Գոլունովի ձերբակալության, դրան հաջորդած լրատվամիջոցների միասնական բողոքի ելույթների և Գոլունովի նկատմամբ հետապնդման դադարեցման ու նրա ազատ արձակման:

Իվան Գոլունովը 5 օր ազատազրկման մեջ գտնվելուց հետո ազատ արձակվեց թմրանյութերի շրջանառության հետ կապված բոլոր մեղադրանքների կասեցումով: Դա տեղի ունեցավ շնորհիվ աննախադեպ միասնական բողոքի ալիքի՝ բարձրացված քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ու վերջինիս գործընկերների կողմից:

«Սա լրագրողական համայնքի միասնականության դրսևորում էր: Միասնականություն իրական արհեստավարժ լրագրողների, ում հաջողվել է պահպանել անկախ լրագրության արժեքները Ռուսաստանում»,- ասում է Նովայա Գազետա թերթի ղեկավար Դմիտրի Մուրատովը:

Գոլունովի կալանավորումից երկու օր անց Ռուսաստանի անկախ թերթերը լույս տեսան հիմնական էջի վրա «Ես Գոլունով եմ» վերնագրերով:

«Տարօրինակ կլիներ, եթե հետաքննող լրագրողը նաև ներքաշված լիներ թմրանյութերի շրջանառության մեջ: Դա աբսուրդ է:»,- ասում է լրագրող Անտոն Օրեխը։

Սակայն Գոլունովի ազատումն ու հետաքննությունը վարող ոստիկանների հեռացումը զբաղեցրած պաշտոններից բավարար չէր ազատ մամուլի ներկայացուցիչների համար, ովքեր Մոսկվայի կենտրոնում կազմակերպեցին հանրահավաք: Այն արտոնված չէր: Արդյունքում՝ մոտ 500 մարդ բերման ենթարկվեց:

Երկրորդ հանրահավաքը կազմակերպվեց ի նշան բողոքի ընդդեմ Ռուսաստանի ոստիկանության գործելաոճի:

«Ես այստեղ եմ եկել, քանի որ մտահոգված եմ, որ այն ինչ տեղի ունեցավ Գոլունովի հետ, կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ»,- ասում է ցուցարար Ալեքսանդրը:

Գոլունովի ազատ արձակումը կարևոր հաղթանակ էր ազատ մամուլի կողմնակիցների համար: Ռուսաստանում այսօր ազատ խոսքը որպես կանոն ճնշվում է: Գոլունովի գործն էլ հիշեցում էր, որ իշխանության ղեկին կանգնած անձանց շուրջ հետաքննությունն այդքան էլ անվտանգ գործ չէ: