1940-ականներին խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի կողմից կառուցված Պերմ-36-ը մինչ մեր օրերը մնացած միակ աշխատանքային ճամբարն է: Այսօր այն թանգարան է, որի առաքելությունն է պահպանել խորհրդային ռեպրեսիաների զոհերի հիշատակը, հատկապես, երբ Ստալինի ժողովրդականությունը Ռուսաստանում աճ է արձանագրում:
Պերմ-36-ը վերջին հետքն է երբեմնի խորհրդային քաղաքացիների մոտ սարսափ առաջացնող աշխատանքային ճամբարների համակարգի՝ Գուլագի: Այստեղի ծանր պայմաններում տանջանքներ էին ենթարկվում միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքական եւ կրոնական այլախոհներ:
«Ես եւ գործընկերներս մինչեւ հիմա չենք հասկանում: Պատկերացրեք՝ կենտրոնից ձեզ ցուցակ են ուղարկում, որտեղ գրված է քանի մարդու պետք է մահապատժի ենթարկել, իսկ տեղերից Մոսկվային պատասխանում են՝ քիչ է, թույլ տվեք ավելի շատ սպանել», - ասում է Պերմ հուշահամալիրի նախագահ Ռոբերտ Լապտեւը:
Ճամբարները տեղակայվում էին Սիբիրում: Պերմ-36-ը Մեսկվայից 1600 կիլոմետր հեռավորության վրա է: Մինչեւ 1987 թվականը, երբ այն փակվեց, սա խիստ պայմաններով գաղութ էր, որտեղ պահվում էին Խորհրդայի Միության համար առավել վտանգավոր անձինք՝ քաղաքական այլախոհները:
1990-ականների սկզբին տեղական ակտիվիստների մի խումբ պատմաբան Վիկտոր Շմիրովի եւ նրա տիկնոջ՝ Տատյանա Կուրսինայի գլխավորությամբ վերականգնել են աշխատանքային ճամբարը՝ վերածելով այն Քաղաքական ռեպրեսիաների պատմության թանգարանի:
«Իշխանությունները ցանկանում են, որ ժողովրդականություն վայելեն Իվան Ահեղի, Պյոտր Առաջինի կամ Ստալինի նման դեմքերը», - ասում է Վիկտոր Շմիրովը:
Շմիրովին եւ նրա տիկնոջը տեղական իշխանությունները դուրս են մղել թանգարանի ղեկավար կազմից, ակտիվիստների կարծիքով՝ որպեսզի կարողանան խմբագրել թանգարանի բովանդակությունը:
Անկախ Լեվադա կենտրոնի կողմից անցկացված հարցումների համաձայն, բռնապետ Իոսիֆ Ստալինն այսօր վայելում է ռուսաստանցիների 51 տոկոսի աջակցությունը: Շմիրովի կարծիքով, մեղքը Ռուսաստանի իշխանություններինն է, որոնք թաքցնում են այն տարիների իրականությունը հանրությունից: