ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ համաձայնությունն` ի վնաս միգրանտների

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի ու հարեւան Մեքսիկայի միջեւ հարաբերություններում լարվածությունը մեղմվելու միտումներ են նկատվում, երբ Մեքսիկան խոստանում է իրականացնել էմիգրանտների հոսքը դադադրեցնելու ուղղությամբ գործողություններ:

‘’Այժմ մեծ համագործակցություն կարող է սկսվել Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջեւ, մի բան, ինչը չի եղել անցած տասնամյակներում’’, թվիթերյան իր էջում հպարտությամբ գրել է նախագահ Դոնալդ Թրամփն այն բանից հետո, երբ Մեքսիկան խոստացավ դիմել միգրանտների հոսքը դադարեցնող գործողությունների: Նախագահ Լոփեզ Օբրադորն իր հերթին ուրախությամբ է նշել առեւտրային պատերազմը կանխելու փաստը:

‘’Մենք ողջունում ենք կայացված համաձայնությունը, քանի որ մեքսիկական ապրանքների վրա ամերիկյան սակագների սահմանումը ստիպելու էր մեզ էլ մեր կողմից ուժի մեջ դնել սակագներ ամերիկյան ներկրումների վրա’’, ասել էր նա:
Ըստ համաձայնության, Մեքսիկան պետք է զարկ տա Գվատեմալայի հետ հարավային իր սահմանի հսկողությանը եւ փախստականի կարգավիճակ ցանկացող միգրանտներին պահի իր տարածքում, մինչեւ ԱՄՆ-ում կքննվեն նրանց գործերը:

Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն ասել է, թե հարկավոր է նաեւ ֆինանսական հատկացումներ, որպեսզի ուժեղացվի հսկողությունը Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին: Նա նաեւ դեմոկրատներին քննադատել է ‘’քաղաքական խաղեր խաղալու մեջ’’:
Իսկ դեմոկրատները բողոքում են, որ Թրամփի գործողություններն ավելի են սրել փախստականության հետ կապված խնդիրները, եւ որ Մեքսիկայի հետ կնքված գործարքը Սպիտակ տան դիվանագիտության գլուխգործոցը չէ:

Նրանցից նախագահի թեկնածու Բեթո Օռուրկեի խոսքերով, նման համաձայնագրեր Մեքսիկայի հետ արդեն կային: ‘’Իսկ նախագահն այս ընթացքում պարզապես վտանգի տակ էր դրել մեզ համար ամենակարեւոր առեւտրական հարաբերությունները’’, ասել է նա ու ավելացրել, որ Ամերիկայում վեց միլիոն աշխատատեղ կախյալ է Մեքսիկայի հետ առեւտրից:


Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում իրենց երազանքը որոնող միգրանտներին, ապա նրանք գիտակցում են, որ հիմա առաջին տուժողը լինելու են իրենք, երբ իրենց առջեւ դռներ են փակվելու ոչ միայն ԱՄՆ-ում, այլ արդեն Մեքսիակայի սահմանին:
‘’Նրանք պետք է մեզ տան հնարավորություն ապացուցելու, որ մենք մարդիկ ենք, որոնք աշխատանքի կարիք ունեն: Մեր ցանկությունը մեր երեխաների համար լավ ապագա ապահովելն է, ասում են նրանք:

Ոմանք էլ ասում են, թե իրենց հետ պահելն անհնար է:

‘’Դուք կարող եք փակել սահմանները, դուք կարող եք կառուցել հազարավոր պատեր, բայց մենք անցնելու ենք այդ պատերը: Լինի օդով, ծովով, թե ցամաքով, մենք հաղթահարելու ենք պատնեշները’’, ասում են ավելի համառները:

Ներկա պահին Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահման է ամեն ամիս հասնում 100 հազարից ավելի միգրանտ, որոնց շարքում մեծ թիվ են կազմում ընտանիքները եւ առանց մեծահասակների ուղեկցության անչափահասները: