Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ուրբաթ օրը թողեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը: Նրան վարչապետի պաշտոնում փոխարինելու համար քվեարկության առաջին փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ: Մեյը վարչապետի պարտականությունները կշարունակի մինչեւ նոր վարչապետի ընտրությունը:
Մեյն իշխանության եկավ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու կապակցությամբ 2016 թվականի հանրաքվեի արդյունքում, եւ անցած երեք տարիները ծախսեց այդ ծրագիրը հաստատելու եւ ուժի մեջ մտցնելու համար: Սակայն նրան երեք անգամ չհաջողվեց ստանալ Բրեքզիթի հարցով իր կնքած գործարքի շուրջ խորհրդարանի համաձայնությունը:
Հաջորդ վարչապետին մնում է հինգ ամսից ավելի քիչ ժամանակ, որոշելու համար, թե արդյոք հարկավոր է կիրառել Մեյի ծրագիրը եւ մեկ անգամ եւս հետաձգել Բրեքզիթը, թե նախընտրելի է երկիրը դուրս բերել Եվրոպական միության կազմից առանց համաձայնության:
Տասնմեկ թեկնածուներից մի քանիսը, այդ թվում երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել են, թե ծրագրում են իրականացնել փոփոխություններ Մեյի կնքած գործարքում, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական միությունը շարունակաբար է հայտարարում, որ այս հարցով չի վերսկսելու բանակցություններ Լոնդոնի հետ: