Տոկիոն՝ միջնո՞րդ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ճապոնիա կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի խնդրի հետ մեկտեղ կողմերը քննարկել են նաև առևտրային հարցեր, ինչպես նաև դիվանագիտական մի շարք խնդիրներ: Քննարկվել է նաև Տոկիոյի հնարավոր միջնորդությունը Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում:

ԱՄՆ –ի նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Ճապոնիա, ուր հանդիպում է ունեցել երկրի կայսր Նարուհիտոյի հետ կայսերական պալատում: Այս արարողակարգային հանդիպումից հետո նախագահը բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Աբեի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմանի բազմաթիվ հարցեր:

Միասնական մամուլի ասուլիսի ընթացքում նախագահ Թրամփն ընդգծեց, որ Ճապոնիայի հետ առևտրային նոր համաձայնագիրը հիմնված կլինի արդար և փոխշահավետ սկզբունքների վրա:

«Մեր նպատակն է կրճատել առևտրային պակասուրդը Ճապոնիայի հետ, վերացնել բոլոր տեսակի խոչընդոտները, որպեսզի ամերիկյան արտահանումն արժանանա արդար և ուշադիր վերաբերմունքի»,- ասել է Թրամփը:

Երկու առաջնորդները ցանկություն են հայտնել կնքելու առևտրային նոր համաձայնագիր, այն բանից հետո, երբ Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության կազմից, որտեղ Վաշինգտոնն ու Տոկիոն առաջատար դեր ունեին Թրամփի նախորդ Բարաք Օբամայի օրոք:

«Միջխաղաղօվկիանոսյան համագործակցությունը վնասել է մեր ավտոարդյունաբերությունն ու բազմաթիվ տեղական արտադրողների: Մենք ներգրավված չենք դրա կազմում, ուստի այլ երկրների միջև համաձայնությունները մեզ չեն վերաբերում»,- նշել է Թրամփը:

Վարչապետ Աբեն իր հերթին ողջունել է ԱՄՆ- ի հետ առևտրային բանակցությունների ընթացքում գրանցված առաջընթացը, մասնավորապես էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Նա ընդգծել է ճապոնացի ավտոարտադրողների դերը ամերիկյան տնտեսության մեջ:

«Նախագահ Թրամփի իշխանության գալուց հետո ճապոնական ընկերությունները նոր ներդրումներ են կատարել ԱՄՆ-ի այս ոլորտում ի հավելումն եղած 24 միլիարդ դոլարի՝ ստեղծելով շուրջ 45 հազար նոր աշխատատեղեր»,- ասում է Աբեն:

Անդրադառնալով միջազգային օրակարգին ու պատասխանելով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցադրմանը՝ նախագահ Թրամփը նշել է, թե ինքը դեմ չէ, որ Ճապոնիան միջնորդություն իրականացնի Իրանի ու ԱՄՆ-ի միջև:

«Ճապոնիան և վարչապետը ունեն շատ լավ հարաբերություններ Իրանի հետ , ուստի տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Վարչապետը խոսել է ինձ հետ դրա մասին, և ես հավատացած եմ, որ Իրանը ցանկանում է երկխոսել: Եթե այն ցանկանում է երկխոսել, մենք էլ կողմ ենք դրան»,- հայտարարել է Թրամփը:

Վերջին շրջանում ամերիկա-իրանական հարաբերություններն է՛լ ավելի են լարվել, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերացրեց Իրանի պատժամիջոցների հետ կապված հարցում բոլոր արտոնությունները,որոնք թույլ էին տալիս նավթի խոշոր գնորդներին գործարքներ կնքել Թեհրանի հետ: ԱՄՆ-ը նաև մեծացրել է Պարսից ծոցում իր ռազմական ներկայությունը ի պատասխան, ինչպես նշում է ամերիկյան կողմը, իրանական սպառնալիքի: