Երբ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը երկուշաբթի օրը տեղափոխվում էր բանտախուց՝ կրելու իր երեք տարվա ազատազրկման պատիժը, իր տան առջեւ հավաքված լրագրողներին ասաց, թե հույս ունի, որ երբ վերադառնա, երկիրը կտեսնի օտարամերժությունից ու անարադարություններից ազատված։
Նա բացահայտ կերպով ակնարկում էր իր նախկին ղեկավարին՝ Դոնալդ Թրամփին։ Հիշեցնենք, որ Քոհենը եղել է Թրամփի անձնական փաստաբանը եւ Թրամփի կազմակերպության փոխնախագահը։ Նրա ֆինանսական խարդախությունները հայտնաբերվել էին Ռոբերտ Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական խմբի կողմից։ Նա ընդունել է իր դեմ հարուցված 9, այդ թվում՝ հարկային խարդախությունների, Կոնգրեսին ստելու ու Թրամփի քարոզարշավի ժամանակ օրենքի ոտնահարումների մասին մեղադրանքները։ Ընդունել է, որ 28Օ հազար դոլար է փոխանցել այն երկու կանանց, որոնք հայտարարում էին, որ սեռական կապեր են ունեցել Թրամփի հետ։
՝՝Սակայն դեռ ասելու շատ բան կա, եւ ես սպասում եմ այն օրվան, երբ դրանց մասին կպատմեմ՛՛, ասել է Քոհենը մինչեւ բանտ տեղափոխվելը։
Թրամփն ու հանրապետական մի շարք կոնգրեսականներ փորձում են վարկաբեկել Քոհենին, ու նրան անվանում են ստախոս։
Քոհենը փետրվար ամսին Կոնգրեսի լսումներից մեկի ժամանակ նախազգուշացրել էր Թրամփի շրջապատի մարդկանց, որ շուտով նրանք եւս կարող են արժանանալ այն ճակատագրին, որին արժանացել է ինքը Թրամփի պատճառով։
Հիշեցնենք, որ տարբեր մեղադրանքներով մինչ այժմ դատապարտվել է Թրամփի նախկին 5 օգնական։ Քոհենից իր պատժաժամկետով առաջ է ընկնում Թրամփի նախընտրական թիմի նախկին նախագահ Փոլ Մանաֆորթը։
Այսօր վտանգի տակ է հայտնվել արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը։ Եթե վերջինս չկատարի Ռուսաստանի հարցով հատուկ հետաքննչական խմբի կողմից կազմված զեկույցն առանց խմբագրման ներկայացնելու Կոնգրեսի հանձնաժողովի պահանջը, կարող է մեղադրվել Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեջ։