Վերջին շրջանի իսրայելա-պաղեստինյան բախումների արդյունքում գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի թվում է եղել Համաս խմբավորման հրամանատար Համեդ Ահմեդ ալ Խոդարը, ում իսրայելական կողմը մեղադրում է ֆինանսական միջոցների տեղափոխման մեջ Իրանից դեպի Գազայի հատված: Նա սպանվել է հրետակոծության արդյունքում:
Ըստ իսրայելական պաշտոնական տվյալների, շուրջ 600 հրթիռներ է արձակվել այս օրերին Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան իսրայելական բանակը հարվածել է շուրջ 260 թիրախներին, որոնք կապված են Համաս և Իսլամական ջիհադ խմբավորումների հետ:
Այս բախումները վերջին շրջանի ամենալուրջ ռազմական գործողություններն էին: Իսրայելը հայտնում է, որ դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ Իսլամական ջիհադ խմբավորման նշանառուն կրակ բացեց իսրայելական զորքերի ուղղությամբ: Իսլամական ջիհադը ի պատասխան Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածի շրջափակման և բռնության կիրառման մեջ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է շարունակել հրթիռակոծումները:
«Այս առավոտ կարգադրել եմ Իսրայելի Պաշտպանական ուժերին շարունակել զանգվածաին հրթիռակոծումները Գազայի ահաբեկիչների դեմ: Ես նաև կարգադրել եմ Գազայի մոտ բերել ծանր տեխնիկա, հրետանի, պատժիչ ջոկատներ: Համասը պատասխանատու է ոչ միայն իր, այլև Իսլամական ջիհադի հարձակումների համար, որի համար շռայլորեն վճարում է»,- հայտարարել է Նեթանյահուն:
ԱՄՆ հայտարարել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք:
«Իսրայելն ունի իրավունք պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը և ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի վերադառնալ զինադադարին, որը շաբաթներ շարունակ գործում էր և կողմերը պահպանում էին այն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն:
Վերջին այս բախումները համընկան մահմեդական Ռամադան տոնի հետ: Իսրայելն իր հերթին պատրաստվում է նշել իր անկախության տոնը: