Դեմոկրատները սպառնում են մեղադրանք ներկայացնել ընդդեմ արդարադատության նախարարի

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը ներկայացավ Կոնգրես չորեքշաբթի օրը, սակայն հրաժարվեց ներկայանալ հինգշաբթի օրը:

‘’Նա ստել է Կոնգրեսին: Իսկ ամեն ոք, ով ստում է նման կերպ, համարվում է հանցագործություն: Որեւէ մեկը վեր չէ օրենքից, օրենքից վեր չէ նաեւ նախագահը’’, հայտարարում էր Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի դատաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերի խոսքերով, ‘’ԱՄՆ-ի նախագահն ամեն կերպ ցանկանում է կանխել Կոնգրեսի կողմից որեւէ ստուգում: Նա ցանկանում է Կոնգրեսը վերածել իներտ մի մարմնի’’:

Հիշեցնենք Կոնգրեսի ու Թրամփի միջեւ գլխավոր երկու խնդիրների մասին: Դեմոկրատները պահանջում են, որ ներկայացվի հատուկ հետաքննիչ Մյուլլերի խմբի կազմած զեկույցի չխմբագրված տարբերակը: Մյուս խնդիրը կապված է այն հարցի հետ, թե որքան հարկ է նախագահը մուծում եւ բիզնես ինչ գործարքներ ունի արտասահմանում:

Հանրապետականները դեմոկրատների այս պահանջները համարում են աճպարարություն, ինչի նպատակը Թրամփին վերջին հաշվով իմփիչմենթի ենթարկելն է:

‘’Նրանց նպատակը նախագահին ու նրա ընտանիքին հետապնդելն է’’, ասում է փոքրամասնության ղեկավար Քեւին Մաքքարթին:

Իսկ ահա վերլուծաբան Ալան Մորրիսոնի խոսքերով, ‘’Միայն այն բանի համար, որ Թրամփը երկրի նախագահն է, չի նշանակում, որ նա կորցրել է գաղտնիության այն իրավունքը, որն ունեն մյուս բոլոր քաղաքացիները’’: Իսկ եթե Կոնգրեսը մի օր որոշի հրապարակել այդ տվյալները, արդյո՞ք չի ոտնահարի անհատի գաղտնիության իրավունքը, հարց է տալիս նա:

Դրան կարծես ի պատասխան, դեմոկրատ կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լին ասում է, թե իրենց նպատակը նախագահին թիրախավորելը չէ, եւ կոչ է անում նախագահին պարզապես համագործակցել Կոնգրեսի հետ:

Վերադառնալով արդարադատության նախարարի խնդրին, ասենք, որ նա ունի միայն մի քանի օր ժամանակ Կոնգրեսի հանձնաժողովի պահանջը կատարելու համար: Ու եթե նա շարունակի անտեսել Կոնգրես ներկայանալու պահանջը, նրա դեմ Կոնգրեսը կներկայացնի մեղադրանք: Մի բան, ինչը տեղի չի ունեցել ԱՄՆ-ի պատմության ողջ ընթացքում: