Իսրայելում անցկացվեց Հոլոքոստի զոհերի հիշատակի տարելիցը, որի ընթացքում նախագահ Ռեուվին Ռիվլինը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց եվրոպական երկրների հասցեին:
«Աշխարհում աճող նեոնացիզմի ու արմատական հակաիսրայելական տրամադրությունները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ կարևոր եվրոպական դաշնակից երկրները ղեկավարվում են այնպիսի կառավարությունների կողմից, որոնք ներառում են հակասեմիթական տարրեր կամ գործիչների»,- հայտարարել է նախագահը:
Վերջինիս քննադատական խոսքը ուղղված էր նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով Հոլոքոստի առիթով հյուրընկալել էր Հունգարիայի, Լիտվայի և Լեհաստանի առաջնորդներին, որոնց աջակողմյան կառավարությունները մեղադրվում են հաճախ Հոլոքոստի իրականացման հարցում իրենց երկրների դերակատարության միտումնավոր նվազեցման մեջ:
Նեթանյահուն իր հերթին անդրադարձել է ԱՄՆ-ում հրեական սինագոգի վրա հարձակմանն ու հրեական գերեզմանների դեմ իրականացված վանդալիզմին:
«Մենք այսօր ապրում ենք պարադոքսային իրավիճակում: Աշխարհում հրեական պետության նկատմամբ դրական վերաբերմունքին զուգահեռ որոշ շրջանակեր ատելություն են սերմանում հրեաների հանդեպ: Ծայրահեղ աջակողմյան, ձախակողմյան կամ իսլամիստական ուժերը համախմբված են հրեաների դեմ ատելության շուրջ»,- հայտարարել է Նեթանյահուն:
Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը Իսրայելում չեն աշխատում ռեստորաններն ու սրճարանները, հեռուստատեսությունը հեռարձակում է նյութեր Հոլոքոստի մասին: Օրվա վերջում հայտարարվում է լռության երկու րոպե: