Դեմոկրատների ու Թրամփի թիմի միջեւ պայքարը չի դադարում

Your browser doesn’t support HTML5

Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական խմբի հետաքննությունը, որը սկսվել էր 22 ամիս առաջ, ավարտվեց առանց Թրամփի նախընտրական արշավի թիմի ու ռուսների միջեւ կապ հայտնաբերելու: Սակայն Թրամփի վարչակազմի եւ Կոնգրեսի դեմոկրատ անդամների միջեւ պայքարը շարունակվում է:

ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատ անդամները հիմա խոսում են սեռական հարաբերության համար Թրամփի կողմից դրամ մուծելու, Թրամփի փեսայի անվտանգության զննում անցկացնելու եւ Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական թիմի ներկայացրած զեկույցի մասին:

Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերրի Նադլերը սպառնում է, որ իրենք դատարան կհրավիրեն երկրի արդարադատության նախարար Ուիլյամ Բարրին, եթե վերջինս հրաժարվի Մյուլլերի ներակայացրած զեկույցի մասին պատախանել կոնգրեսականների հարցերին:
Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե հարցաքննության նման ձեւաչափն ընդունելի չէ:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքերով, նախարարին պետք է հարցեր ուղղեն աշխատակազմի անդամները:

Հիշեցնենք, որ դեմոկրատներն արդեն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Սպիտակ տան խորհրդական Դոն ՄաքԳահին հրավիրել են դատարան: Վերջինս ասել էր, թե ավելի շուտ կթողներ պաշտոնը, քան կկատարեր Մյուլլերին պաշտոնից ազատելու մասին Թրամփի պահանջը:

Թրամփը շարունակում է հայտարարել, թե իր նախագահությունն ու վարչակազմն ամենաթափանցիկն են ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ:
Շատերն են ասում, որ կան այնպիսի վկայություններ, որոնք չի կարելի ամբողջությամբ ներկայացնել հասարակությանը: Սակայն սահմանադրության հարցերով մասնագետներից շատերն են ասում, որ նախագահը չունի Կոնգրեսի հարցերին չպատասխանելու հիմք:

Հիշեցնենք, որ Մյուլլերի թիմի կազմած զեկույցը հրապարակվելուց հետո Թրամփը սպառնաց դեմոկրատների դեմ ներկայացնել դատական հայց, եթե վերջիններս իրեն ենթարկեն իմփիչմենթի:
Այս հարցն այսօր շատ են դիտարկում իրավական տեսանկյունից: Սակայն ինչ որոշում էլ կայացվի, այս հռետորաբանությունը միեւնույն է, թողնելու է քաղաքական իր դրոշմը:

Թրամփի անձնական փաստաբաններն արդեն դատական հայց են ներկայացրել ընդդեմ Ներկայացուցիչների պալատի վերհսկողության հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիջահ Քամինգզի, որը դատարան ներկայանալու ծանուցագիր է պատրաստում Թրամփի անձնական ֆինանսական միջոցների հարցով:

Իսկ վարչակազմը մերժում է Թրամփի մուծած հարկերի մասին տեղեկություններ ներկայացնելու դեմոկրատների պահանջը եւ անտեսում այն հայցերը, որոնք վերաբերում են 2020 թվականի մարդահամարի ժամանակ քաղաքացիության մասին հարց ներկայացնելու որոշմանը: