Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընն այցելել է Ռուսաստան՝ օգնություն խնդրելու Մոսկվայից տնտեսական պատժամիջոցների հետ կապված հարցերում:
Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է արձագանքել այս խնդրանքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպման բովանդակության մասին տեղեկությունները սահմանափակ են:
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Կորեական թերակղզում լարվածության նվազմանը հասնելու համար և ամրապնդելու անվտանգությունն ամբողջ հյուսիսային Ասիայում»,- ասել է Պուտինը:
«Ես բաժակ եմ բարձրացնում հանուն մեր երկրների երջանկության և փայլուն ապագայի»,- ասել է Կիմը:
Իր խոսքում Պուտինը նշել է, որ բաց է նավթամուղերի կամ երկաթգծի կառուցման վերաբերյալ քննարկումների հարցում, սակայն որևէ ակնարկ չի արել տնտեսական պատժամիջոցների վերացման հարցում Փհենյանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Պուտինն ինքն էր ժամանակին կողմ այդ պատժամիջոցներին։
«Պուտինը պետք է զգուշավոր գործի, քանի որ հանրային առումով նա չի կարող խախտել ՄԱԿ-ի առջև 2017 թ. Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները»,- նշում է պրոֆեսոր Էնդրյու Օ՛Նեյլը Գրիֆիթի համալսարանից:
Պուտինն ակնարկել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցում բանակցությունների նախկին ձևաչափին վերադառնալու հնարավորության մասին: Խոսքը գնում է նախկինում գործող վեց-կողմանի ձևաչափի մասին:
Ընդհանուր առմամբ տպավորությունն այն է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդին չհաջողվեց օգնություն ստանալ Մոսկվայից և նա կշարունակի փնտրել այն իր սակավաթիվ այլ գործընկերների շրջանում: