Ինչ է սպասվում Սուդանին Բաշիրից հետո

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի հեռացումից հետո երկիրը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև: Տասնամյակներ տևած ռազմական կառավարումից հետո Սուդանի բնակչությունը բողոքի ձայն է բարձրացրել՝ պահանջելով երկրում հաստատել քաղաքացիական իշխանություն:

Սուդանի փողոցներում ընթանում են բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջում են քաղաքացիական իշխանության հաստատում:

Իշխանությունից հեռացված Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը կկանգնի միջազգային դատարանի առջև: Նրան մեղադրում են Դարֆուրի ցեղասպանության իրականացման մեջ:

Այսօր Սուդանում իշխանությունն անցել է անցումային ռազմական խորհրդին, ով ղեկավարում է գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհան: Նա խոստացել է երկրում հաստատաել քաղաքացիական իշխանություն:

Փորձագիտական շրջանակներն ընդգծում են Միացյալ Նահանգների կարևոր դերը Սուդանի անցումային այս շրջանում: Ըստ Yorktown Solutions հաստատության վերլուծաբան Քելսի Լիլեի, սուդանցիների համար այսօր առաջնային խնդիրներից է երկրի դուրսբերումը ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից: Դա հնարավորություն կտա բանակցություններ սկսել պարտքերի ներման հարցի շուրջ:

Սուդանում այս օրերին ցույցերի մասնակիցների թվում են շատ կանայք: Նրանցից է 22 ամյա Ալաա Սալահը։ Ցույցերին մասնակցելու նրա լուսանկարը ստացել է համաշխարհային ճանաչում: Նա ստացել է բազմաթիվ մահվան սպառնալիքներ այս ընթացքում, սակայն շարունակել է ակտիվ ներգրավված լինել պայքարում: Փորձագետները դրական են գնահատում կանանց նման ակտիվ ներգրավվածությունը երկրի հասարակական քաղաքական կյանքում:

Ապրիլի 16-ին Սուդանի բանակայինները նախագահ Բաշիրին տեղափոխեցին Խարթումի բանտ, ուր նա պահվում է առանձին խցում: