Նոր, խիստ միջոցներ՝ ընդդեմ Կուբայի

Your browser doesn’t support HTML5

Այսօր, երբ Վենեսուելայում շարունակում են վատթարանալ կյանքի պայմանները, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ներկայացնում է այս երկրի, ինչպես նաեւ Կուբայի ու Նիկարագուայի դեմ նոր պատժամիջոցների մի փաթեթ։

Ելույթ ունենալով Մայամիում՝ Բոլթոնը դատապարտել է Կուբայի նկատմամբ նախկին նախագահ Բարաք Օբամայի ՝՝ներողամիտ՛՛ քաղաքականությունը՝ ասելով, որ ահա հիմա հենց այդ նույն Կուբան օգնում է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին կառչած մնալ իշխանությունից։
Ինչպես Բոլթոնն է ասել, ՝՝իր այդ քաղաքականությունն արդարացնելու նպատակով Օբաման ժամանակին ասում էր, թե Կուբան իրենից վտանգ չի ներկայացնում՛՛։ Բոլթոնն այնուհետեւ հիշեցրել է, թե ինչպես են ամերիկացի դիվանագետները հարձակման ենթարկվել Հավանայում, եւ թե ինչ պայմաններում են մարդիկ այսօր ապրում Վենեսուելայում։

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմփեոն էր հայտարարել, թե Թրամփի վարչակազմը ուժի մեջ է մտցնելու 1996 թվականին ընդունված այն օրենքը, որը Սառը պատերազմի տարիներին Կուբայում իրենց սեփականությունից զրկված ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլ է տալիս հանդես գալ դատական հայցերով։ Այս օրենքը մինչ այժմ սառեցվել էր նախորդ բոլոր նախագահների կողմից։
՝՝Այս վարչակարգի հետ ձեռք սեղմելու փորձը տապալվել է։ Կուբայի բռնակալների հետ մեղմ վարվելու քաղաքականությունը սեւ բիծ է թողնեում մեր պետության համար՛՛, ասել է Փոմփեոն ու ավելացրել, որ մայիսի 2-ից նշված օրենքը կմտնի ուժի մեջ։

Եվրոպական երկրները խստորեն դեմ են, որ դատական հայցեր ներկայացվեն օտարերկրյա այն ընկերություններին, որոնք բիզնես գործարքներ ունեն Կուբայում, եւ սպառնում են Թրամփի վարչակազմի այս որոշման դեմ բողոք ներկայացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է դեպի Կուբա ԱՄՆ-ից ոչ ընտանեկան ճամփորդությունները կրճատելու որոշման մասին։
Բոլթոնն ասում է, թե նպատակը Կուբայի վարչակարգից, այդ երկրի զինված ու անվտանգության ուժերից ամերիկյան դոլարները հետ պահելն է։

Միացյալ Նահանգները նաեւ նման պատժամիջոցներ է սկսում Վենեսուելայի Կենտրոնական բանկի ու նրա տնօրենի դեմ, ինչպես նաեւ պատժամիջոցներ ընդդեմ Նիկարագուայի կառավարության։