Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ եւ գործարարների համար ավելի պարզ կդարձնի, եւ Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի եւ ներդրումների աճ:
«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի եւ թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ.
«Մենք ունենք հաստատված կառավարության ծրագիր, ունենք բարեփոխումների ծրագրեր եւ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի մասնակցության ձեւը, չափը եւ ժամանակահատվածն ըստ էության դրանց շուրջ են լինելու»:
Գրիգորյանի խոսքով, Համաշխարհային բանկի հետ Հայաստանը համագործակցելու է մարդկային կապիտալի զարգացման եւ արտահանման աճի ոլորտներում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանալու է հարկային վարչարարության եւ ներդրումների աճի շուրջ:
Ընդգծելով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցնում է բարեփոխումների շարունակական բնույն ապահովելու անհրաժեշտությունը.
«Հայաստանի համար շատ կարեւոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»: