Որքանո՞վ են տարբեր կամ նման իրենց բնույթով հրեաների Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը: Այս հարցի շուրջ օրերս քննարկում էր տեղի ունեցել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ցեղասպանագետ, պրոֆեսոր Միրջանա Միորոսինիի մասնակցությամբ: Վերջինս լավատես չէ մարդկության դեմ այս հանցագործության ի սպառ վերացման հնարավորության կապակցությամբ:
«Ցավոք, ցեղասպանությունները շարունակում են կրկնվել: Ամեն անգամ մենք ասում ենք «երբե՝ք այլևս», սակայն ականատես ենք լինում նոր ցեղասպանության»,- ասում է պրոֆեսոր Մորոսինին:
Միջոցառմանը Ամերիկայի հայ ուսանողների միության ներկայացուցիչներ Ալբերտ Ազնավուրն ու Ջերարդ Խաչատրյանն անդրադարձան Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի որոշ նմանություններին: Երկու հանցագործություններն էլ տեղի են ունեցել պատերազմի օրերին, իսկ, ըստ Ալբերտ Ազնավուրի, երկու սպանդերն էլ իրականացվել են իրենց բնույթով հեղափոխական ռեժիմների կողմից:
«Եվ հրեաները և հայերը դիտարկվել են որպես պետության թշնամիներ»,- նշում է Ազնավուրը
Երկու դեպքում էլ ցեղասպանություն իրականացնողները օգտագործել են հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են զանգվածային բռնություններ:
«Օսմանյան կայսրությունը ստեղծել էր հատուկ ջոկատներ, որոնք հետևել և բացահայտել են ցեղասպանությունից փրկված հայերին, որոնց ահաբեկել կամ սպանել են: Նույնը տեղի է ունեցել Գերմանիայի դեպքում: Նացիստները դրա համար օգտագործում էին SS ստորաբաժանումները»,- ասում է Ազնավուրը:
Բանախոսներն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև առկա տարբերություններին, որոնք արձանագրվել են ինչպես իրականացման ժամանակ, այնպես էլ հետագա զարգացումների ընթացքում: Օրինակ, ըստ բանախոսների, եթե նացիստները որոշումները կայացնում էին ելնելով մարդու մոտ հրեական ծագման տոկոսից, ապա Օսմանյան կայսրության դեպքում շատ հայեր ողջ են մնացել՝ ընդունելով իսլամը:
Տարբերությունների զգալի մասը սակայն վերաբերվում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման հետագա ընթացքի հետ: Բանախոսներն ընդգծել են, որ եթե Հոլոքոստի դեպքում եղել է միջազգային դատական գործընթաց Նյուրնբերգում, ապա Հայոց ցեղասպանությունն այդպես էլ չի ստացել համապատասխան դատապարտում ինչպես Թուրքիայի, այնպես էլ միջազգային հանրության մեծ մասի կողմից:
Պրոֆեսոր Մորոսինիի կարծիքով Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնման հարցում վճռորոշ դեր է խաղացել հայկական Սփյուռքը, քանի որ Հայաստանը որպես պետություն ավելի կաշկանդված է քաղաքական և աշխարհաքաղաքական իրականությամբ:
Նա գտնում է, որ այսօր ցեղասպանությունների կանխման գործող միջազգային մեխանիզմները բավարար չեն այս հանցանքը բացառելու համար: Նա առաջարկում է ավելի մեծ ուշադրություն դարձնել պատմության դասերին:
«Եթե մենք ավելի մեծ տեղ հատկացնենք պատմությանը և փորձենք պատմության դասերը հասցնել քաղաքական գործիչներին, ապա միգուցե դա կառաջացնի ավելի մեծ ցանկություն՝ ցեղասպանությունները կանխելու և ճիշտ որոշումներ կայացնելու հարցում, որոնք կբխեն ոչ միայն քաղաքական իրողություններից»,- նշում է հայտնում ցեղասպանագետը:
Նա գտնում է, որ քաղաքական շահերը ստիպում են պետություններին գործել ի հակառակ եղած փաստերի: Այսօր, ըստ ցեղասպանագետի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ պետությունների թույլտվությամբ, որոնք Թուրքիայի հետ կապված են աշխարհաքաղաքական տարբեր շահերով: