Անցած յոթ տասնամյակներին ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում էր Խորհրդային Միությունն, իսկ այնուհետեւ՝ Ռուսաստանը: Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով սակայն, ժամանակն է ավելի լուրջ վերաբերվել նոր վտանգներին, մասնավորապես՝ Չինաստանին: Միացյալ Նահանգները դեմ չէ արդար մրցակցությանը, սակայն, Չինաստանի տեխնոլոգիական հսկաներն այդպես չեն գործում:
«Երբ որեւէ պետություն ապրանք է առաջարկում սակագնից անհամեմատ ցածր գներով, պետք է ինքներդ ձեզ հարցնեք՝ ո՞րն է դրա շահը, ինչո՞ւ է առաջարկվում այդ անհավատալի գործարքը», - նշում է Փոմփեոն:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն իր ելույթում եվրոպացի դաշնակիցներին նույնպես նախազգուշացրել է Չինաստանի կողմից առաջարկվող «հեշտ եկամտի» վերաբերյալ.
«Չինաստանի ընդլայնվող ազդեցությունը Ամերիկայից ուշադրություն ու ռեսուրսներ է պահանջում, եւ մեր եվրոպացի դաշնակիցներից եւս ջանքեր են ակնկալվում դաշինքի հզորությունը պահպանելու համար»:
Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանն առայժմ մնում է ՆԱՏՕ-ի համար հիմնական վտանգ, քանի որ Մոսկվան իրական ռազմական վտանգ է հանդիսանում դաշինքի մի շարք փոքր անդամների համար, սակայն, Չինաստանը լրջորեն մտահոգում է ՆԱՏՕ-ին:
«Այն փորձում է տարածել ազդեցությունը Եվրոպայում, սակայն, ոչ Ռուսաստանի ոճով: Հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանը միջամտում է եվրոպական եւ ամերիկյան ընտրություններին հաքերների եւ ապատեղեկատվության միջոցով, մինչդեռ Չինաստանն այլ կերպ է գործում», - նշում է Բրուքինգս հաստատության փորձագետ Ջեյմս Քիրչիկը:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Վաշինգտոնում հանդիպման ընթացքում համաձայնել են միասին հակազդել ընդհանուր վտանգներին: