Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, երեկ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրեց կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երևանում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայաստանյան բանկերի ղեկավարները, որոնք հավաքվել էին մեկ հարկի տակ, քննարկում էին բանկային հատվածի դերը՝ միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) ֆինանսական ծառայություններ մատուցելիս առավելագույն կայունություն և ազդեցություն ապահովելու համար:
Միջոցառումը, որի մոդերատորը Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեն էր, ազգային և միջազգային փորձագիտական շրջանակներին հրավիրել էր ուսումնասիրելու ՄՓՁ ֆինանսավորման ոլորտում գրանցված վերջին զարգացումները և իրենց մտորումները փոխանցելու բանկային հատվածի ներկայացուցիչներին: Հատուկ ուշադրության առարկա էր տեղական արժույթով վարկավորման կարևորությունը. մասնակիցները քննարկեցին տեղական արժույթի ֆինանսավորմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիները և մտքեր փոխանակեցին հայ գործարարների համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու և խորացնելու վերաբերյալ:
ՀԵԵՀ-ի Վարչության նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Հայաստանում գրանցված ձեռնարկությունների շուրջ 95%-ը միկրո և փոքր ձեռնարկություններ են: Սա նշանակում է, որ ձեռնարկատերերը ոչ միայն երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, այլև զբաղվածության ապահովման կարևորագույն աղբյուր: Որպես Արևելյան Հարևանության տարածաշրջանում ՄՓՁ ֆինանսավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը սատարող կառույց՝ ՀԵԵՀ-ը մեծ գոհունակությամբ լծվում է Հայաստանում այս կարևոր հատվածի կայուն աջակցության համար բարենպաստ միջավայր ձևավորելու աշխատանքներին»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկեր վարկային կազմակերպություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ կարող ենք նշել, որ նմանօրինակ ծրագրերի միջոցով ստացված արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ընդլայնում»:
ՀԵԵՀ-ի մասին
Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկություններում, ինչպես նաև բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը որոշիչ գործոն է այս հատվածի զարգացման համար, ՀԵԵՀ-ի աջակցությամբ տեղական ֆինանսական հատվածի մասնակիցները ամրապնդում են իրենց կարողությունները, որպեսզի ձեռնարկեն այս թիրախային խմբի պատասխանատու ֆինանսավորումը: Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ՝ ՀԵԵՀ-ն իր ազդեցությունը մեծացնում է ՀԵԵՀ Զարգացման Հիմնադրամի միջոցով, որը տեխնիկական օժանդակություն, ուսուցում և այլ ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ձեռնարկատերերին և հաստատություններին:
ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձևավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:
Գերմանական «Ֆայնընս ին Մոուշն» ՍՊԸ-ն (Finance in Motion GmbH) ՀԵԵՀ-ի խորհրդատուն է, իսկ Լյուքսեմբուրգի «Հաուկ ունդ Աուֆհոյզեր Ֆանդ Սերվիսիզ» ընկերությունը (Hauck & Aufhäuser Fund Services SA)՝ կառավարիչը:
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.efse.lu
«Ֆայնընս ին Մոուշն»-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.finance-in-motion.com
EU4Business-ի մասին
ԵՄ4 Բիզնես Նախաձեռնությունը (EU4Business Initiative) ներկայացնում է Եվրամիության կողմից Արևելյան Գործընկերության տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ամբողջական աջակցությունը, որը միավորում է ԵՄ-ին, նրա անդամ-պետություններին ու գործընկեր երկրներին` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: