ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերություններում առկա են խնդիրներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Դոնալդ Թրամփը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ Սպիտակ տանը: Կողմերի միջև հարաբերություններում առկա խնդիրները շարունակում են մնալ օրակարգում:

Հյուսիսատլանտյան դաշինքը ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի կարևոր հիմնասյուներից է, սակայն նախագահ Թրամփի վարչակազմի օրոք Վաշինգտոնի ու դաշինքի միջև հարաբերություններում ի հայտ եկան բազմաթիվ չկարգավորված հարցեր:

Վաշինգտոնում այսօր ՆԱՏՕ-ն նշում է իր հիմնադրման 70-ամյակը: Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընդգծել է նախագահ Թրամփի ներդրումը դաշինքի անդամ երկրների կողմից պաշտպանությանն ուղղված ծախսերի մեծացման հարցում:

«ՆԱՏՕ-ն ուժեղ դաշինք է: Մենք մեծացրել ենք մեր զինված ուժերի պատրաստվածությունը: Մենք շարունակում ենք միասնաբար պայքարել ահաբեկչության դեմ: Եվ մենք ավելի մեծ ներդրումներ ենք անում»,- ասում է Յենս Սթոլթնբերգը:

Նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ անդամ երկրները պարտավոր են մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ դրանք հասցնելով համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին: Իր «Ամերիկան առաջնային է» քաղաքականության շրջանակում նախագահ Թրամփը հարցեր է բարձրացնում ՆԱՏՕ-ի արդյունավետության վերաբերյալ:

«Ամենակարևոր ճգնաժամը, որին առնչվում է ՆԱՏՕ-ն, ամերիկյան ուժեղ նախագահի բացակայությունն է, ով հավատում է ՆԱՏՕ-ի առաքելությանը: Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի ամենամեծ քննադատն է»,- նշում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկոլոս Բերնսը:

Ամերիկյան և եվրոպական առաջնորդների միջև առկա է անհամաձայնություն Իրանի միջուկային պայմանագրի շուրջ: Թրամփը դուրս է բերել Վաշինգտոնն այդ համաձայնագրից:

Բացի այդ, ԱՄՆ-ը քննադատում է եվրոպացի իր գործընկերներին Չինաստանի և Ռուսաստանի հետ կապված վերջիներիս դիրքորոշումների համար: Փորձագետներն ընդգծում են, որ այս խնդիրները շարունակում են լարվածություն ստեղծել Վաշինգտոն-Բրյուսել հարաբերություններում:

Չնայած Ստոլթենբերգը հերքում է ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերություններում առկա մտահոգությունները՝ այս տարի գագաթաժողովի փոխարեն հավաքին մասնակցում էին արտգործնախարարները: Կարծիք կա, որ այս միջոցով փորձ է արվում խուսափել ամերիկյան առաջնորդի հնարավոր քննադատությունից: