Թրամփը կարող է փակել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը

Միացյալ Նահանգներ հարավային սահմանով մուտք գործող ներգաղթյալների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ: Նրանց մեծ մասը Կենտրոնական Ամերիկայից է:

«Մեքսիկան կարող է կանգնեցնել այս հենց սեփական սահմաններին», -նախագահ Թրամփը խոստանում է գործել, - «Հենց հիմա Գվատեմալայից երկու մեծ քարավան է գալիս Մեքսիկայի տարածքով: Մեքսիկան, որը կարող է նրանց կանգնեցնել, չի ցանկանում դա անել, ու եթե չկանգնեցնեն, մենք կփակենք սահմանը: Ես խաղեր չեմ խաղում»:

Թրամփի առաջարկը բացառիկ չէ. 1985-ին նապագահ Ռոնալդ Ռեյգանն էր փակել Մեքսիկայի հետ սահմանը, երբ Մեքսիկայում առեւանգել էին թմրանյութերի վաճառքի դեմ պայքարող ամերիկացի ոստիկաններին: Սահմանի փակումը լուրջ վնաս կհասցնի 500 միլիարդ դոլարի հասնող երկկողմ առեւտրին: Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը պատասխանելով նախագահ Թրամփին Թվիթերում գրել էր, որ Մեքսիկան սպառնալիքների չի պատասխանում, սակայն, ներգաղթի հարցերին լուրջ է վերաբերում:

Դեմոկրատական կուսակցությունը նախագահ Թրամփի խոսքերին քննադատաբար է արձագանքել:

«Մենք անվտանգ ենք հենց այն պատճառով, որ ներգաղթյալների պետություն ենք: Մենք սովորել ենք չվախենալ սեփական տարբերություններից այլ հարգել դրանք», - նշել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Բեթո Օ՛Ռուրկեն:

Սպիտակ տունն ասում է, որ ստեղծված իրավիճակում նախագահ Թրամփն այլընտրանք կարող է չունենալ: Դեմոկրատական մեծամասնությունը հրաժարվում է սահմանային անվտանգության համար անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել, ուստի, այս իրավիճակում նախագահն անում է այն, ինչ անհրաժեշտ է, ABC հեռուստաընկերությանն ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանին: Դոնալդ Թրամփը նշել է նաեւ, որ նախատեսում է դադարեցնել ամերիկյան օգնությունը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին: