Միացյալ Նահանգներում հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության մասին մոտենում է ավարտին: Մյուլերը շուտով կհրապարակի իր հետաքննության վերջնական զեկույցը:
Ռուսաստանը կտրականապես հերքում է ներգրավվածության մասին մեղադրանքները: Նույն կարծիքին են սովորական ռուսաստանցիները:
«Իհարկե չեն ներգրավվել: Ինչու՞ պետք է դա անեինք: Դա երբեք չի եղել»,- ասում է ռուսաստանցի մի տղամարդ:
«Ռուսաստանը որևէ ցանկություն չի ունեցել ազդելու ամերիկյան ժողովրդի կարծիքի վրա: Ինչպես նաև միջոցներ»,- նշում է մեկ այլ տղամարդ:
Փորձագետներին սակայն չի զարմացնում սովորական ռուսաստանցիների արձագանքը:
«Մեծամասնությունը հերքում է ի սկզբանե որևէ ներգրավվածություն: Մենք տեղեկատվական պատերազմի մեջ ենք, և դա ճիշտ մարտավարություն է»,- ընդգծում է Դենիս Վոլկովը Լևադա կենտրոնից:
Դենիս Վոլկովը ուսումնասիրում է ռուսական հանրային կարծիքը վերջին 10 տարիների ընթացքում: Նա ընդգծում է, որ յուրաքանչյուր հարցման սկզբում ռուսաստանցիները սովորաբար խուսափում են պատասխանել Մոսկվայի վարքագծին վերաբերվող հարցերին:
Նա նշում է, որ ավելի ուշ նրանք մասնավոր զրույցի ընթացքում սակայն ընդունում են, որ Ռուսաստանը ներգրավված է եղել, սակայն չեն տեսնում այստեղ որևէ արտառոց բան: Նա գտնում է, որ մարդիկ ենթագիտակցաբար սկսում են կրկնել ռուսական պետական քարոզչության տեսակետները:
«Դա նման է Ղրիմի իրավիճակին, երբ մենք հերքում էինք, որ մեր զորքերն այնտեղ են մինչև այն պահը, երբ Պուտինն ասաց, որ մեր զինվորները Ղրիմում են»,- ընդգծում է Վոլկովը:
Սակայն Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Անդրեյ Կորտունովը մեկ այլ կարծիքի է:
«Կարծում եմ, որ միջին վիճակագրական ռուսաստանցու համար սա ուշադրության հրավիրման մեխանիզմ է, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել»,- ասում է Կորտունովը:
Սակայն վերջերս անցկացված մի շարք ռուս- ամերիկյան սոցիոլոգիական հետազոտությունները, ուր արտաքին քաղաքականության մասին հարցեր են ուղղվել ռուսաստանցիներին ու ամերիկացիներին, պարզել են, որ ռուսաստանցիները միակը չեն, որ պետական տեսակետը ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն:
Ըստ Վոլկովի պատասխանները զարմանալիորեն արտացոլում էին միմյանց մասին պատկերացումները: Ռուսաստանցիները հերքում էին իրենց ներգրավվածությունը և մեղադրում ամերիկյան կողմին Ռուսաստանի ներքին գործերին խառնվելու մեջ, իսկ ամերիկացիներն իրենց հերթին ողջ մեղքը բարդում էին ռուսական կողմի վրա:
Ակնհայտ է, որ այս դեպքում ազգային պատկանելիությունը խաղում է որոշիչ դեր կարծիք հայտնելուց: