Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին հայտարարվում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից հրապարակված «2018թ Մարդու իրավունքների» միջազգային զեկույցում:
«Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին եւ մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների արդյունքում, որոնք այնուհետեւ կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցան առաջին իրական մրցակցային ընտրությունները», - ասված է ԱՄՆ-ի Պետրարտուղարության զեկույցում:
Զեկույցի համաձայն. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում այդ ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը ստացել է ձայների 70 տոկոսից ավելին՝ ստանալով խորհրդարանում տեղերի գերիշխող մեծամասնությունը: Համաձայն ԵԱՀԿ-ի հովանու տակ գործող միջազգային դիտորդների դեկտեմբերի 10-ի զեկույցի, խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հիմնարար ազատությունների համապատասխան եւ ստացել են լայն հասարակության վստահությունը: Ռազմական ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն լիարժեք պահպանվել է»:
2018 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում»: